Մեղադրանք է առաջադրվել Արցախի պաշտպանության բանակի կողմից հայտնաբերված Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին
Ինչպես արդեն տեղեկացվել է ՀՀ ՔԿ-ի կողմից, ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել Արցախի պաշտպանության բանակի կողմից հայտնաբերված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, 1975թ. ծնված Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին:
Մեղադրանքն առաջադրվել է այն հանցավոր արարքը կատարելու համար, որ վերջինս, չհասնդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, ընդգրկված չլինելով այդ երկրի զինված ուժերի անձնակազմում, ինչպես նաև որևէ այլ պետության կողմից ուղարկված չլինելով զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար, նյութական հատուցում ստանալու դիմաց, հավաքագրվելով Սիրիայում և Թուրքիայի միջոցով և վերջինիս տարածքով տեղափոխվելով Ադրբեջան, վերջինիս զինված ուժերի կազմում մասնակցել է ռազմական գործողությունների, այդ թվում Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ նախապատրաստված հանցագործության կատարմանն ուղղված հրամանների իրագործման գործողություններին:
Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած, ինչպես նաև իրավապահ մարմինների տրամադրության տակ գտնվող այլ փաստական տվյալների համադրությունից ակնառու է դառնում Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմում Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորումների անդամներին, ջիհադիստ վարձկաններին ներգրավվելու մի քանի սխեմատիկ էական հանգամանք, որոնք չափազանց կարևոր են կատարվողին իրավական գնահատականներ տալու, այս գործըթնացում ներգրավված սուբյեկիտների պատասխանատվության ենթարկման հարցն առաջ մղելու համար:
1. Սիրիայի բնակավայրերում առանձին անհատների (կոնկրետ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիի պարագայում Աբու Հուսեյն 23 անունով անձի) միջոցով իրականացվել (իրականացվում) է ռազմական գործողությունների մասնակցելու համար վարձկան գրոհայինների հավաքագրում՝ նյութական հատուցում ստանալու, մասնավորապես տվյալ դեպքում 2000 ԱՄՆ դոլարին համարժեք թուրքական լիրա գումարի դիմաց: Վերջիններս կենտրոնացվում են կոնկրետ ճամբարներում, տվյալ դեպքում՝ Քիլիս քաղաքի հարակից տարածք, որտեղ հավաքագրվածներից կատարվում է ռազմական գործողությունների կատարմանն ունակ անձանց ընտրությունը:
2. Խմբավորումների ղեկավարների (տվյալ դեպքում ըստ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիի ցուցմունքի, «Ալ Ամշաթ» խմբավորման ղեկավար Աբու Համշայի) համակարգմամբ վերջնական ընտրված անձինք խմբերով, առանց անձը հաստատող փաստաթղթերի, անարգել, Թուրքական սահմանապահ ուժերի գիտությամբ և թույլտվությամբ, անցկացվում են Թուրքիայի տարածք, ավտոբուսներով տեղափոխվում Թուրքիայի քաղաքացիական օդանավակայաններ, որտեղ ԹՀ ոստիկանների կողմից թույլտվությամբ առանց որևէ խոչընդոտի հատում են հսկվող անցակետերը, անարգել նստեցվում են քաղաքացիական ինքնաթիռներ, Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների ուղեկցությամբ տեղափոխվում այլ քաղաքացիական օդանավակայաններ, որտեղ կրկին ԹՀ զինված ուժերի զինվորականների ուղեկցությամբ քաղաքացիական ինքնաթիռներով տեղափոխվում Ադրբեջան:
3. Ադրբեջանի զինված ուժերի ուղեկցությամբ, առանց վերջիններիս անձնագրերը ստուգելու, անմիջապես օդանավակայանից, կազմակերպված ձևով, նրանց տեղափոխում են Ադրբեջանի՝ հատում նման խմբավորումների տեղակայման համար նախատեսված ռազմական օբյեկտներ, որտեղ նրանց տալիս են Ադրբեջանի զինված ուժերի տարբերանշանով համազգերստ և տարբեր զենքեր, այսինքն փաստացի ահաբեկչական խմբավորումների անդամներին, վարձկաններին դարձնում են Ադրբեջանի զինված ուժերի բաղկացուցիչներ՝ նրանցից ձևավորելով համապատասխան ստորաբաժանումներ: Ընդ որում՝ ըստ առկա փաստական տվյալների, Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիի դեպքում այդ ստորաբաժանումը, կազմված 250 հոգուց, ղեկավարել է «Սուլթան Մուրադ» խմբավորման ղեկավար կամ անդամ Աբու Համշան: ղեկավարությամբ, տեղակայվել են նրանց հատկացված առանձին ռազմական օբյեկտում, որտեղ արդեն իսկ տեղակայված են եղել նույն խմբավորման շուրջ 18 անդամներ:
4. Ահաբեկչական խմբավորման անդամներից, վարձկաններից ձևավորված և Ադրբեջանական բանակի մաս դարձված այդ ստորաբաժանումները ըստ ստացած հանձնարարության ուղղակիորեն ներգրավվում են Արցախի հանրապետության դեմ ռազմական գործողությունների մեջ: կոնկրետ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիի պարագայում 2020թ. հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան «Սուլթան Մուրադ» խմբավորման ղեկավար Աբու Համշայի ղեկավարությամբ մոտ 250 անդամներից կազմված խմբավորումը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների ուղեկցությամբ հարձակում եմ իրականացրել Արցախի Հանրապետության տարածքում գտնվող գյուղերից մեկի ուղղությամբ:
5. Էական բնութագրիչ հանգամանք է, որ այս խմբավորումներին տրվում է հրաման ոչ միայն մասնակցել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դեմ ռազմական գործողություններին, այլ նաև իրականացնել հենց ահաբեկչական բնույթի, մարդկության դեմ ուղղված ռազմական հանցագործություններ: Ըստ Մուհհռաբ մուհամմադ Ալ Շխերիի տված ցուցմունքների, մասնավորապես, իրենց տրված է եղել հրաման հարձակվել Արցախի կոնկրետ հայկական գյուղի վրա, գրավել այն, սպանել գուղում գտնվող բոլոր բնակիչներին, քաղաքացիական և զինվորական անձանց, իրականացնել հրկիզումներ, պայթեցումներ և ապակայունացնել տարածաշրջանը: Այս հրամանն իրականացնել տվյալ դեպքում չի հաջողվել միայն այն պատճառով, որ խմբավորումը հանդիպել է Արցախի պաշտպանության բանակի դիմադրությանը և ստիպված եղել նահանջել:
Կարծիքներ