Եթե ընդդիմությունը չմասնակցի քվեարկությանը, նիստը կհամարվի ավարտված, և մետրոյին բյուջե հատկացնելու հարցը չի ընդունվի
Երևանի ավագանու նիստում ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, դիմելով քվեարկությունը բոյկոտել և որոշման ընդունումը քվորումի բացակայության պատճառով տապալել ցանկացող ընդդիմադիր խմբակցություններին, ասել է. «Եթե ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեն բյուջեի վերահսկողությունն իրականացնելու համար աուդիտորական ընկերություն ներգրավելու հարցի քվեարկությանը, նիստը կհամարվի ավարտված։ Կարևոր հարցեր կան, նաև՝ մետրոյին բյուջե հատկացնելու հարցը, որը ևս չի ընդունվի։ Ուզում եմ, որ սա հանրայնորեն արձանագրվի»։
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն առաջարկեց նման դեպքերում կարևոր հարցերը սկզբում քննարկել, այնուհետ նոր անցնել վիճահարույց հարցերին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց. «Ունենք հստակ ընթացակարգ, որով առաջ ենք շարժվելու»։
Ավինյանը հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ մետրոյում վթար էր եղել. «Փորձել ենք կառավարության հետ ամենահրատապ կերպով ֆինանսական միջոցների հարցը լուծել, և այս հարցը քննարկելու ենք»։
Ըստ քաղաքապետի, կանոնակարգի համաձայն, եթե որոշումը չընդունվի, ավագանու նիստը կհամարվի ավարտված, ու հարցերը դուրս կգան օրակարգից. «Հետևաբար, թողնում եմ ձեր որոշմանը, նաև՝ ձեր ու երևանցիների դատին»։
Կարծիքներ