Ադրբեջանցիները հասանելիություն են ստացել մարդկանց տանը, խանութում տեղադրված տեսախցիկներին. Անջատեք որոշ ժամանակով
Հարգելի քաղաքացիներ, ցանկանում ենք զգուշացնել թշնամու կողմից իրականացվող ևս մեկ վտանգավոր գործունեության մասին, որ կարող է վտանգի ենթարկել անձնական տվյալները և ոչ միայն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Վերջին շրջանում ադրբեջանական խմբավորումները Youtube-ում տեսանյութեր են հրապարակում, որոնք նկարահանված են Հայաստանում տեղադրված տեսախցիկներով։
Այսինքն նրանք կարողացել են հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին, քանի որ դրանք հասանելիություն ունեն համացանցին ու բավականաչափ պաշտպանված չեն։
Եթե կիրառում եք նման տեսախցիկներ, հորդորում ենք պաշտպանության համապատասխան միջոցառումներ իրականացնել (օրինակ՝ ընտրել ապահով գաղտնաբառ):
Եթե չեք կարողանում ինքնուրույն ապահովել տեսահսկման համակարգերի անվտանգությունը, կարող եք դիմել համապատասխան մասնագետների, կամ եթե չկա օգտագործման խիստ անհրաժեշտություն, կարող եք անջատել որոշ ժամանակով։
Տեսահսկման համակարգերին միջամտություն նկատելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել մեզ եւ իրավապահ մարմիններին»:
Կարծիքներ