ԱՄՆ-ն Իրաքից զորքերը դուրս բերելու պլաններ չունի
Միացյալ Նահանգների վարչակազմը ներկայում չի ծրագրում դուրս բերել իր զորքերն Իրաքից, որոնց թվակազմը հասնում է մոտ 2,5 հազարի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Պատրիկ Ռայդերը։
Ավելի վաղ Իրաքի վարչապետ Մուհամեդ աս Սուդանին հայտարարել էր, որ Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերի ներկայության համար արդարացումներն ավարտվել են։ Անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի զինված ուժերը հարված են հասցրել Բաղդադում իրաքյան ժողովրդական աշխարհազորի շտաբին, կառավարության ղեկավարը հայտարարել է, որ երկրի իշխանություններն անհապաղ ձեռնամուխ կլինեն օտարերկրյա զորքերի դուրսբերման ժամկետի համաձայնեցմանը։
«Այժմ ես չգիտեմ որևէ պլանի մասին: Մենք կենտրոնացած ենք ԻՊ-ի լիովին ջախջախման վրա»,- նշել է Ռայդերը։
Նա հավելել է, որ իրեն հայտնի չէ Պենտագոնին ուղղված Իրաքի կառավարության որևէ դիմումի մասին ամերիկյան զորքերի դուրսբերման խնդրանքով: Ռազմական գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ զինված ուժերն Իրաքում են գտնվում այդ երկրի կառավարության հրավերով։
Կարծիքներ