Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ. ԱԳ նախարար
Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ։ Երկիրը շատ սերտորեն և թափանցիկ կերպով աշխատում է ոչ միայն ԵՄ համապատասխան մարմինների հետ, այլև ԱՄՆ-ի և բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Վիեննայում Ավստրիայի արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում։ Նա վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը հաստատկամ է խուսափելու այնպիսի միջավայր ստեղծելուց, որտեղ կարող են շրջանցվել պատժամիջոցները:
Նախարար Արարատ Միրզոյանին ուղղված իր հարցում լրագրողն անդրադարձավ առևտրային հարաբերություններին, մասնավորապես “Financial times”-ի կողմից արված հրապարակմանն այն մասին, որ որոշակի քանակությամբ օգտագործած մեքենաներ Հայաստանով վերաարտահանում են Ռուսաստանի Դաշնություն. «Ձեր կարծիքով սա կարո՞ղ է դիտվել որպես պատժամիջոցների հնարավոր շրջանցում և անհանգստացած չեք ձեր երկրի նկատմամբ ԵՄ կողմից հնարավոր պատժամիջոցներով»։
Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել է․ «Անշուշտ, այս պատերազմն ազդեց նաև Հայաստանի տնտեսության վրա թե՛ դրական, թե՛ բացասական առումով։ Բայց, քանի որ Դուք խոսում եք պատժամիջոցների մասին, ուզում եմ ևս մեկ անգամ հրապարակայնորեն և բարձրաձայն հավաստիացնել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս թեմայով, որ Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ։ Մենք շատ սերտորեն և թափանցիկ կերպով աշխատում ենք ոչ միայն ԵՄ համապատասխան մարմինների հետ, այլև ԱՄՆ-ի և բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ վստահեցնելով, որ Հայաստանի կառավարությունը հաստատկամ է խուսափելու այնպիսի միջավայր ստեղծելուց, որտեղ կարող են շրջանցվել պատժամիջոցները: Մենք բաց ենք աշխատում և թափանցիկ: Եթե կան խնդիրներ, իսկ խնդիրներ, ենթադրում եմ, առկա են ամենուր, դրանք արագորեն ի հայտ են բերվում, և դրանց պատշաճ լուծումներ են տրվում»:
Կարծիքներ