Ռուսաստանի հետ բանակցելու ցանկություն առանձնապես չկա, բայց դա անելը անհրաժեշտ է. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցելու ցանկություն չունի, սակայն պետք է փորձի բանակցել՝ համաձայնության հասնելու համար։
«Ամեն դեպքում, մենք պետք է նույնիսկ փոքր հնարավորություններ գտնենք բանակցային գործընթացի համար», - ասել է Զելենսկին թուրքական Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի տեսագրությունը չորեքշաբթի հրապարակել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը:
Նրա խոսքով, «որոշակի առաջնորդներ կիրականացնեն միջնորդական առաքելություն, Թուրքիան նրանցից մեկն է»։
Զելենսկին հիշեցրել է Մարիուպոլից խաղաղ բնակիչներին և վիրավորներին թուրքական նավերի միջոցով տարհանելու Թուրքիայի նախաձեռնությունը։
«Որքան էլ բանակցություններ ուզենք կամ չուզենք, եթե ուզում ենք մարդկանց փրկել, պետք է ամենօրյա քայլեր ձեռնարկենք, որպեսզի հնարավորինս փրկենք մարդկանց կյանքը, ուստի այսօր խոսքը գնում է այնպիսի գործողության մասին, որում Թուրքիան նման դեր կխաղա Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, եկեք նայենք արդյունքին»,- հավելել է Զելենսկին` նշելով, որ գուցե նոր հանդիպում լինի Ստամբուլում, այս անգամ՝ նախագահների (Պուտին-Զելենսկի) ձևաչափով:
Կարծիքներ