Թաիլանդն ու Մոնղոլիան ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու ցանկություն են հայտնել

Թաիլանդն ու Մոնղոլիան ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու ցանկություն են հայտնել

Թաիլանդը հույս է հայտնել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքել Եվրասիական տնտեսական միության հետ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Պրայութ Չան-Օչան՝ տեսակապի միջոցով ելույթ ունենալով Արևելյան տնտեսական համաժողովում:

«Հուսով եմ, որ կկարողանանք ևս մի շարք համաձայնագրեր ստորագրել ազատ առևտրի մասին տարբեր տարածաշրջաններում այլ առանցքային տնտեսությունների հետ, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի: Անկասկած, ԵԱՏՄ-ն շատ մեծ ներուժ ունի որպես շուկա Եվրասիական տարածաշրջանում: Թաիլանդը մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Ղազախստանի հետ, որպեսզի միասին կարողանանք առաջ գնալ այնքան կարևոր և արդիական օրակարգով»,- ասել է քաղաքական գործիչը:

Հաղորդվում է նաև, որ Մոնղոլիան նույնպես դիտարկում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման հավանականությունը: Նման ցանկություն է հայտնել երկրի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը:

«Մոնղոլիան միշտ ուշադրություն է դարձրել Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության ընդլայնմանը: Ներկա պահին ուսումնասիրում ենք ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու հավանականությունը»,- ասել է երկրի ղեկավարը:

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որ մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Մոլդովան, Կուբան և Ուզբեկստանը:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում