Պաշտոնավարման ժամանակ Արմեն Սարգսյանը քաղաքական ճգնաժամերը հարթելու փոխարեն խորացրել է դրանք
Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի մասին իր հայտարարության մեջ նշել է, որ Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների պակասի պատճառով չկարողացավ «ազդել այն քաղաքական իրադարձությունների վրա, որոնք մեզ հասցրել են ներկայիս համազգային ճգնաժամի»։ Հարց է առաջանում, իսկ իր լիազորությունների շրջանում իր պաշտոնավարման ընթացքում արդյո՚՞ք արեց ամենինչ որպեսզի երկիրը զերծ պահեր ներքաղաքական ճգնաժամից։
Ակամայից հիշում ենք հետպատերազմական շրջանում առաջացած խոշոր ճգնաժամը, երբ զինված ուժերի բարձրագույն սպայակազմը հրաժարականի պահանջ էր ներկայացրել վարչապետին և կառավարությանը։ Երկրում ռազմական հեղաշրջման մթնոլորտ էր հասունացել, և ո՞րը եղավ նախագահի լիազորությունները կատարող Արմեն Սարգսյանի քայլը։ Նա ոչ թե ստորագրեց գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը, այլ այն ուղարկեց Սահմանադրական դատարան, ըստ էության խորացնելով հեղաշրջման վտանգը։ Լիազորությունների պակասից անդադար բողոքող նախագահը, իր քայլերով ապացուցեց, որ ի զորու չէ պատասխանատվություն վերցնել ներքաղաքական իրավիճակը հանդարտեցնելու ուղղությամբ, ավելին՝ իր քայլերով մաս դարձավ այդ մեծ դավադրությանը։
Ի պաշտոնե արբիտրի դեր կատարելու իր գործառույթը բազմիցս օգտագործեց ներքաղաքական խարդավանքները բորբոքելու ուղղությամբ։ Մյուս կողմից սահմանադրական դատարան դիմելու իր լիազորությունների օգտագործումը քանիցս պատճառ դարձան երկրում կարևոր ոլորտներում բարեփոխումներին արգելակելուն կամ հետաձգելուն։ Օրինակները շատ են. Արմեն Սարգսյանը չստորագրեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների մասին փաթեթը այն ուղարկելով Սահմանադրական դատարան։ Սարգսյանի կողմից չստորագրվեց նաև «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները: Եւ այս շարքը կարելի է շարունակել։ Եզրակացությունը մեկն է, Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում երկրի համար առանցքային ժամանակահատվածներում կամ գտնվում էր արտերկրում, կամ ՍԴ դիմելու իր լիազորությունը կիրառելով խոչընդոտում էր բնականոն առաջացած խնդիրների կարգավորմանը։
Կարծիքներ