ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիային ցամաքային գործողություններ չսկսել Սիրիայում
Մոսկվան շարունակում է Անկարային համոզել Սիրիայում ցամաքային գործողություններ չսկսել. այս ուղղությամբ հաջողություններ կան, հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
«Շփումները շարունակվում են: Քանի դեռ չի սկսվել ցամաքային գործողությունը, նշանակում է՝ հաջողություններ կան: Մենք կշարունակենք շփումները», - լրագրողներին ասել Է Բոգդանովը։
Նոյեմբերի 20-ից Անկարան Սիրիայի հյուսիսում օդային գործողություններ է իրականացնում Թուրքիայում արգելված «Քրդական բանվորական կուսակցության» սիրիական թևի դեմ:
Հաղորդվել է, որ հարվածներ են հասցվել Քոբանի քաղաքին, ինչպես նաև Իրաքի հյուսիսում: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը գործողությունը համարել է հաջողված և չի բացառել, որ դրան կհաջորդի նաև ցամաքային գործողություն։ Թուրքիան իր ավիահարվածները պատճառաբանել է նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունով, որի հետևանքով 6 մարդ մահացել է, 80-ից ավելին՝ վիրավորվել։
Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրում են ,Քրդական բանվորական կուսակցությունե կազմակերպությանը, որն, ըստ թուրքական կողմի, կապված է հյուսիսային Սիրիայի քուրդ զինյալների հետ:
Կարծիքներ