Մեկ օր հրաշքների աշխարհում. ՀՀ վարչապետի և տիկին Աննա Հակոբյանի նվերը երեխաներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հունիսմեկյան նվեր են մատուցել Լոռու մարզի և Երևանի տասնյակ դպրոցների շուրջ 800 երեխաների: Դպրոցականները «Երևան պարկ»-ում մեկ անմոռանալի օր անցկացնելու հրավեր են ստացել: Այգու տարածքում տոնական տրամադրություն էր. երեխաներին ներսում սպասում էին սիրելի մուլտհերոսները: Փոքրիկ հյուրերը հնարավորություն ունեին օգտվել «Երևան պարկ»-ի բոլոր ատրակցիոններից: Նրանց համար նախատեսված էր նաև հյուրասիրություն:
Հրավիրյալ երեխաներց 300-ը Երևանի տաբեր վարչական շրջանների դպրոցներից են, 500-ը` Լոռու մարզի տարբեր բնակավայրերից: Բոլորը 6-րդ դասարանի աշակերտներ են: Միջոցառմանը ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի դուստրը՝ Արփին: Նա շփվել է Լոռիի ու Երևանի դպրոցներից հյուր եկած երեխաների հետ և վայելել օրը հեքիաթային միջավայրում: Նման միջոցառումներն արդեն ավանդույթ են դարձել:
Առաջին անգամ նման միջոցառում կազմակերպվել է 2019-ը թվականին։ Այդ տարի երեխաները երկու օր շարունակ հյուրընկալվել են մայրաքաղաքի մի շարք ժամանցի վայրերում։ Նախորդ տարի, կրկին հունիսի 1-ի առիթով, «Երևան պարկ» էին հրավիրվել դպրոցականներ, իսկ Ամանորին ընդառաջ նույն այգին էին այցելել երեխաներ սահմանամերձ բնակավայրերից: Այս տարիների ընթացքում ավելի քան 2500 երեխա մասնակցել է տոնական այսպիսի միջոցառումների:
Այս անգամ մարզերից ընտրվել է Լոռին, քանի որ այս մարզից դեռ ոչ մի դպրոցական չէր մասնակցել տոնական նմանօրինակ միջոցառման: Երևանի պարագայում ընտրվել են այն դպրոցների երեխաները, որոնք նախորդ տարի չէին ներառվել ցուցակներում: Անմոռանալի օրը երեխաների համար կազմակերպվել է Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և վարչապետի ֆոնդի միջոցներով։
Կարծիքներ