Ձեր ազգը կգտնի ուժ՝ միավորվելու և կառուցելու իր սեփական ապագան. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

Ձեր ազգը կգտնի ուժ՝ միավորվելու և կառուցելու իր սեփական ապագան. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձներ են հղում աշխարհի տարբեր պետությունների առաջնորդներ, խորհրդարանների ղեկավարներ, պատգամավորներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը ցեղասպանության 106-րդ տարելիցի ուղերձում համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին պատմության ընթացքում կրած զրկանքների համար։

«Վերջին պատերազմը Լեռնային Ղարաբաղում նոր դժվարություն դարձավ բազմաթիվ ընտանիքների համար և ցնցեց ամբողջ հայ հասարակությանը»,- նշել է Ասելբորնը։

«Հանգամանքները թույլ չտվեցին այս տարի ֆիզիկապես ներկա գտնվելու հիշատակի միջոցառումներին, բայց ես կցանկանայի վստահեցնել, որ հայ ժողովուրդն այսօր մեր հոգիներում է։ Ինձ համար պատիվ է ձեզ հղելու այս տեսաուղերձը։ Երբ 3 տարի առաջ՝ 2018 թ. մարտին, այցելեցի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ես ապրեցի հսկայական զգացական ցավ, նաև ունեցա խորը վերապրում հուշահամալիրի թանգարանում ցուցադրված որոշ պատկերների նայելով։

Այս փորձառությունը տևական ներգործություն ունեցավ ինձ վրա։ Լյուքսեմբուրգի կառավարությունը խոնարվում է սոսկալի տառապանքների ենթարկված հայ ժողովրդի առջև։ Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանա 100 հազարավոր կորսված կյանքները։ Նրանք հիշեցումն են այն ոճիրների, որին մարդիկ ընդունակ են դիմելու իրենց ամենամռայլ ժամանակներում։

Նրանք հիշեցնում են մեզ՝ մեր իրավասության շրջանակում անելու այն ամենն, ինչն անհրաժեշտ է՝ կանխելու համար պատմության կրկնությունը։ Դժբախտաբար, այս սարսափելի իրադարձությունների բռնկումից 106 տարի անց, որը մենք ոգեկոչում ենք այսօր, զանգվածային սպանդի և ցեղասպանության սպառնալիքը շարունակվում է հետապնդել մարդկությանը։ Այսպիսի ոճիրների կանխարգելման մեխանիզմները դեռ չեն գործում։

Օգտագործելով այս առիթը ես կցանկանայի իմ համերաշխությունը հայտնել հայ ժողովրդին այն բոլոր զրկանքների համար, որի միջով նրանք անցել են իրենց ողջ պատմության ընթացքում։ Վերջին պատերազմը Լեռնային Ղարաբաղում նոր դժվարություն դարձավ բազմաթիվ ընտանիքների համար և ցնցեց ամբողջ հայ հասարակությանը։

Այս պահին, երբ Հայաստանի քաղաքացիները համախմբվում են իրենց ընդհանուր ցավոտ պատմության գիտակցությամբ, իմ համոզումն է, որ ձեր ազգը կգտնի ուժ՝ միավորվելու և կառուցելու իր սեփական ապագան. խաղաղության, ժողովրդավարության և բարգավաճման ապագա։

Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ մաղթանքները Լյուքսեմբուրգից»,- ասել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում