Ամենատաք դեկտեմբերը Հայաստանում դիտվել է 2010 թվականին, ամենացուրտը՝ 1953 թվականին

Ամենատաք դեկտեմբերը Հայաստանում դիտվել է 2010 թվականին, ամենացուրտը՝ 1953 թվականին

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է 2024 թվականի դեկտեմբեր ամսվա կլիմայական նկարագիրը․

«2024 թվականի դեկտեմբեր ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -2․8°C, որը նորմայից բարձր էր 1․1°C-ով։ Դեկտեմբեր ամիսը չորային էր։ Տեղումների ամսական քանակը՝ 17․3մմ, ցածր էր նորմայից՝ կազմելով նորմայի ընդամենը 45%-ը։

Օդի ջերմաստիճանը ցածր էր նորմայից դեկտեմբերի առաջին տասնօրյակում, իսկ դեկտեմբերի երկրորդ կեսին դիտվեցին նորմայից բարձր ջերմաստիճաններ։ Օրական առավելագույն ջերմաստիճանները Սյունիքի և Տավուշի հովիտներում և Արարատյան դաշտում հասան մինչև 13-15°C։

Ամենացածր ջերմաստիճանները գրանցվել են Հայաստանի լեռնային շրջաններում՝ 1800-2200 մետր բարձրություններում, որտեղ առանձին օրեր դիտվեցին -18-ից մինչև -22°C նվազագույն ջերմաստիճաներ։ Այս շրջաններում նաև ձևավորվել է կայուն ձնածածկույթ 10-15 սմ բարձրությամբ։

1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք դեկտեմբերը դիտվել է 2010 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 1․0 °C, իսկ ամենացուրտը՝ 1953 թվականին՝ (-10․3°C) միջին ամսական ջերմաստիճանով։

Ամենախոնավ դեկտեմբերը դիտվել է 1987 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 88մմ, իսկ ամենաչորը՝ 2010 թվականին, ընդամենը 3մմ տեղումների քանակով։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ դեկտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․5 °C-ով 1935-2024 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 4 %-ով»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում