Մետրոպոլիտենում ռումբ չի հայտնաբերվել
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպելիտենը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում
ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատի իրականացրած մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել: Ինչպես միշտ՝ Երևանի մետրոպոլիտենն իր աշխատանքը կվերսկսի վաղը՝ 07.00-ից։ Եվս մեկ անգամ հայցում ենք Երևանի բնակիչների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը»,– ասվում է Հայտարարությունում։
Ավելի վաղ ԱԻՆ–ը տեղեկացրել էր, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և քաղաքապետարանում ևս պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։
Օգոստոսի 2-ին, ժամը 18։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, Զվարթնոց միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ մեկնել էր վերոնշյալ հասցեներ։
Զվարթնոց միջազգային օդանավակայան էր մեկնել նաև Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, իսկ Բաղրամյան 19 հասցե՝ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։
Կարծիքներ