Կառավարությունը հաստատեց առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների ծրագիրը
Կառավարությունը հաստատեց առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների ծրագիրը:
Ըստ նախագծի հիմնավորման, դրանով առաջարկվում է պայմաններ ստեղծել բնակչության առողջության պահպանման և ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ), հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցման համար` կրճատելով ՈՎՀ–ի զարգացման հիմնական ռիսկի գործոնների տարածվածությունը, ինչպես նաև առողջ ապրելակերպի ներդրման նուղղված փոխկապակցված և համալիր միջոցառումների իրականացումը:
Ներկայումս ապրելակերպն ու վարքագիծը պայմանավորում են հիվանդությունների գլոբալ բեռի ավելի քան 25%-ը:
«Համաձայն 2017թ. տվյալների` ՀՀ բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմել է մոտ 80%: Ընդ որում, մահացության բուրգում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը` 55.6%, որոնց հաջորդում են չարորակ նորագոյացությունները` 20.4%, շաքարային դիաբետը` 3%, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները (բրոնխիտ, ասթմա, քրոնիկական այլ թոքային և բրոնխոէկտատիկ հիվանդություններ)` 2.4%: Ընդհանուր մահերի կառուցվածքում առավել տարածված ՈՎՀ-ով պայմանավորված վաղաժամ մահացությունը Հայաստանի Հանրապետությունում կազմում է 18.6%:
Միջոցառման իրականացման դեպքում ակնկալվում է առողջության համար հիմնական վարքագծային ռիսկերի ենթարկվող անձանց թվաքանակի նվազում ու առողջ ապրելակերպ վարող անձանց թվաքանակի բարձրացում, ռիսկերին ենթարկվող անձանց թվի նվազում` առողջ սննդի օգտագործման, ֆիզիկական ակտիվության, ծխախոտի օգտագործման և ալկոհոլի չարաշահումների վնասակարության վերաբերյալ իրազեկության բարձրացման շնորհիվ, առողջ ապրելակերպի և վարքագծի վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում»,- ասված է հիմնավորման մեջ:
Կարծիքներ