ՀՀ Երասխի հատվածում վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կրակոցները հանցավոր են. ՄԻՊ
Հանցավոր են ՀՀ Երասխի հատվածում վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կրակոցները, որոնք ձեռք են բերում պարբերական բնույթ: Այս մասին նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն՝ ընդգծելով, որ այդ մասին են վկայում ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող ահազանգերը:
«Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին և նաև ապացուցվում է այն փաստով, որ Երասխի հատվածում հուլիսի 14-ին զոհվել է ՀՀ զինված ուժերի ծառայող»,-նշել է Արման Թաթոյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր:
Կարծիքներ