Վարդենիսցի պատանի քամանչահար Սամվել Զաքոյանը հաղթող է ճանաչվել մոսկովյան միջազգային փառատոնում
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ,Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցի «Քամանչա» ազգային լարային գործիքների բաժնի շրջանավարտ Սամվել Զաքոյանը վերջերս, որպես անհատ կատարող, Հայաստանի պատվիրակության հետ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է միջազգային «Art Panorama» և «Rising Star-Ծագող աստղ» փառատոններին և աշխարհի 7 երկրների 1200 մասնակիցների մեջ գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը, իսկ Կոնստանտին Օրբելյանի անվան միջազգային մրցույթ-փառատոնի ժամանակ արժանացել է «Գրան Պրի» մրցանակի։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից՝ 2023 թվականին Սամվել Զաքոյանը մասնակցել է նաև «Նոր ութերորդ հնչյուն» միջազգային մրցույթ փառատոնին, որն իր շուրջն էր համախմբել աշխարհի մի շարք երկրների պատվիրակությունների։ Այս փառատոնին նա արժանացել է «Տարվա նոր ութերորդ հնչյուն-2023» տիտղոսին։
«Երիտասարդ քամանչահարը 2018 թվականին մասնակցել է «Art Music» միջազգային, «Նոր ութերորդ հնչյուն» հանրապետական, 2019 թվականին՝ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոններին և գրավել առաջին հորիզոնականը։ 2020 թվականին Սամվելն առաջին մրցանակին է արժանացել «Նաիրյան երկիր» հանրապետական մրցույթ-փառատոնի ընթացքում, իսկ «Global Art fest» հանրապետական մրցույթ փառատոնին, որը նվիրված էր հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին, դարձյալ գրավել է առաջին հորիզոնականը և արժանացել Առնո Բաբաջանյանի անվան հատուկ մրցանակի։ Նույն թվականին, մասնակցելով «Global Art fest»-ի շրջանակներում անցկացված «Forte» մրցանակաբաշխությանը՝ արժանացել է պատվոգրերի, մեդալի և մրցանակների։ Մասնակցել է նաև «Արտ Պրոգրես» հանրապետական մրցույթ-փառատոնին և արժանացել «Գրան Պրի» գլխավոր մրցանակի։ 2021 թվականին հանդես է եկել «Ծագող աստղ» հանրապետական մրցույթ-փառատոնին և գրավել առաջին պատվավոր հորիզոնականը։ Նույն թվականի նոյեմբեր ամսին Վարդենիսի թիվ 1 երաժշտական դպրոցի նվագախմբի հետ միասին նա մեկնել է Ֆրանսիա, ելույթներ ունեցել Լիոնում և Ռոմանում, հյուրախաղերով եղել է նաև Վրաստանում։ 2021 թվականին Բելառուսի հանրապետությունում երաժիշտը մասնակցել է «Радуга над Витебском»-միջազգային մրցույթ-փառատոնին, գրավել առաջին տեղը և արժանացել ոսկե մեդալի։ 2022 թվականին Վլադիմիր Սպիվակովի Հիմնադրամի Հայաստանյան նախագահի` Վարդուհի Գևորգյանի ուղեկցությամբ Սամվելը ելույթ է ունեցել Մոսկվայի Չայկովսկու անվան Կոնսերվատորիայի Ռախմանինովի անվան մեծ դահլիճում։ Սամվել Զաքոյանն այժմ սովորում է Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջում, որտեղ ձեռք է բերում համակարգչային գիտելիքներ։ Այժմ նա նպատակ ունի ուսումը շարունակել Երևանի պետական Կոնսերվատորիայում։ Մենք նրա հետ չափազանց մեծ հույսեր ենք կապում»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։
Կարծիքներ