Պատերազմն ապացուցեց, թե որքան կարևոր է Հայոց ցեղասպանության ճանաչումը. Շվեդիայի հայ պատգամավոր
Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Արին Կարապետի խոսքով՝ 2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմն ապացուցեց, թե որքան կարևոր է, որ ողջ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Արին Կարապետն ասել է «Արմենպրես»-ին փոխանցած իր ուղերձում:
«Հատկապես հիմա շատ կարևոր է, որ ամբողջ աշխարհը դատապարտի մարդկության դեմ իրագործված հանցագործությունները: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ես կշարունակեմ աշխատել, որ նրանք, ովքեր հանցանք են գործել, պատասխանատվության ենթարկվեն»,- նշել է Արին Կարապետը:
Շվեդահայ պատգամավորն ընդգծել է, որ միայն ճանաչելով և դատապարտելով է հնարավոր կանխել մարդկության դեմ հանցագործությունները:
«Այսօր՝ ապրիլի 24-ին, միանում եմ հայ ժողովրդին՝ ոգեկոչելու մեր անմեղ զոհերին և վստահ եմ, որ մենք միասին կհաղթահարենք այս դժվար օրերը, ինչպես մեր ողջ պատմության ընթացքում»,- եզրափակել է Շվեդիայի խորհրդարանի հայ պատգամավորը:
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպված և իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Շվեդիայի խորհրդարանը 2010թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և կառավարությանը հորդորել հետևել իր օրինակին, սակայն Շվեդիայի կառավարությունը դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Կարծիքներ