Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԱԱ․ Մալխաս Ամոյանն ու Գևորգ Թադևոսյանը եզրափակչում են

Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԱԱ․ Մալխաս Ամոյանն ու Գևորգ Թադևոսյանը եզրափակչում են

Իսպանիայում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 77 կգ քաշայինների կիսաեզրափակչում 9-5 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ճապոնիայի ներկայացուցչի նկատմամբ և դուրս է եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ։

Ինչպես գրում է «Արմսպորտը»՝ եզրափակիչ գոտեմարտում Ամոյանը կմրցի մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի հետ։

Ամոյանը պայքարն սկսել էր որակավորման փուլից , որտեղ հաղթել էր Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Մոխտարիին (1-1), 1/8 եզրափակիչում նա 3-0 հաշվով առավելության էր հասել Մեքսիկայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել էր ղրղզ Ակիլբեկ Տալանտբեկովին:

Եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը։ Նա կիսաեզրափակիչ գոտեմարտում 6-4 հաշվով առավելության է հասել ղազախ Մակսատ Սաիլաուի նկատմամբ։ Ոսկե մեդալի համար Թադևոսյանը կգոտեմարտի Հունգարիայի ներկայացուցչի հետ։

Գևորգ Թադևոսյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր ղրղզ Ազատ Սալիդինովի նկատմամբ վստահ հաղթանակով՝ 9-0, իսկ քառորդ եզրափակիչում 4-0 հաշվով պարտության էր մատնել հոլանդացի Մարսել Ստերկենբուրգին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝  63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, սփոփիչ գոտեմարտ կանցկացնի իսրայելցի ըմբիշի հետ և հաղթանակի դեպքում՝ կպայքարի ԱԱ-ի բրոնզե մեդալի համար։ Պողոսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 1-1 հաշվով հաղթել էր մոլդովացի Վիտալի Երյոմենկոյին։ Քառորդ եզրափակչում, սակայն, հայ ըմբիշը 1-3 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցչին։ Վերջինս հասել է եզրափակիչ, և Պողոսյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում