Իսրայելի բանակը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի յուրաքանչյուր զինյալի սպանության դիմաց խաղաղ բնակչության շրջանում 2 զոհը «չափազանց դրական է»
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը CNN-ի հետ հարցազրույցում հաստատել է իսրայելական կողմի՝ ավելի վաղ արված հայտարարությունը, որ ՀԱՄԱՍ-ի յուրաքանչյուր սպանված զինյալի դիմաց զոհվել է 2 պաղեստինցի խաղաղ բնակիչ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԻՊԲ խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը CNN-ին հայտնել է, որ այս հարաբերակցությունը «չափազանց դրական» է՝ հաշվի առնելով քաղաքային պայմաններում ռազմական գործողությունների մարտահրավերները։
Վերջի օրերին Իսրայելի պատերազմը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ տարածվել է Գազայի հատվածի հյուսիսից դեպի հարավ, իսկ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները զգուշացրել են Գազայում «ապոկալիպտիկ» իրավիճակի մասին՝ նշելով, որ քաղաքացիական անձինք «գնալու ապահով տեղ չունեն»։
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ վերջին երկու օրերին հարյուր հազարավոր տեղահանված պաղեստինցիներ ժամանել են Գազայի հարավում գտնվող «Ռաֆահ» անցակետ, որը գտնվում է Եգիպտոսի հետ սահմանին․ մարդկանց մեծ կուտակման պատճառով կա հիվանդությունների տարածման վտանգ։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի բնակչության ավելի քան 80 %-ը տեղահանվել է։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը ներխուժել էր Իսրայել՝ սպանելով 1200 մարդու։ Իսրայելի պատասխան հարվածների և ցամաքային ներխուժման հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15 800-ը։ Կողմերի միջև 7-օրյա հրադադարի ընթացքում 105 գերիներ փոխանակվել են իսրայելական բանտերում գտնվող 240 բանտարկյալների հետ։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ գտնվում է Իսրայելից գերեվարված 136 մարդ։
Կարծիքներ