250 Մվտ հզորությամբ ՋԷԿ-ը շահագործման կհանձնվի 2021-ին

250 Մվտ հզորությամբ ՋԷԿ-ը շահագործման կհանձնվի 2021-ին

Լրատվականներից մեկը, հղում անելով կառավարության այսօրվա նիստում հաստատված ներդրումային համաձայնագրում փոփոխությունների նախագծին, գրել է, որ Իտալական «Ռենկո» ընկերության` 2018 թ. մայիսին խոստացած 300 մլն դոլարի ներդրումն անորոշ ժամանակով հետաձգվել է, այնինչ Երևանում նոր՝ 250 Մվտ հզորությամբ ՋԷԿ-ը արդեն պետք է կառուցված լիներ և ապահովեր 1000 նոր աշխատատեղ։

Լրագրողը, հղում անելով նախագծի հիմնավորումներին, գրում է, որ նախագծում ներդրումային ծրագրի իրականացման նոր ժամկետ ֆիքսված չէ։  

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ նախագծում ՋԷԿ-ի շահագործման ամսաթիվը նշված է։

Այսպես, մարտի 4-ի Կառավարության նիստի օրակարգում ՋԷԿ-ի կառուցման ներդրումային ծրագիրը 16-րդն է, որին կա կցված 4 փաստաթուղթ։ Նախագծում նշված է, որ որոշվում է հավանություն տալ համաձայնագրում փոփոխություններ կատարելուն՝ համաձայն հավելվածի։  1-ին հավելվածի հոդվածի 2-րդ կետն էլ իր հերթին սահմանում է՝ «Նախատեսված կոմերցիոն շահագործման ամսաթիվ» նշանակել 2021 թվականի օգոստոսի 24-ը:

Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել նաև «Ռենկո» ընկերության տնօրենի տեղակալ Գեղամ Բակլաչևի հետ։ Վերջինս նշել է, որ ներդրումային ծրագրի անժամկետ հետաձգման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։

«Կորոնավիրուսային համաճարակով, պատերազմական իրավիճակով և ռազմական դրությամբ պայմանավորված՝ խաթարվել էին Հայաստան նյութեր մատակարարելու հնարավորությունը և մեր բնականոն աշխատանքը։ Այս ամենը հաշվի առնելով՝ առաջարկել ենք փոքր-ինչ երկարաձգել ժամկետները, սակայն ՋԷԿ-ը, ինչպես և նախատեսված է, 2021 թվականին սահմանված ժամկետներում հանձնվելու է շահագործման»,- ասել է Գեղամ Բակլաչևը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում