Ինչ է պետք հիմա անել. Բժշկի կարծիք
Հադրութի հիվանդանոցի նռնենին է: Նկարը հոկտեմբերի 2-ին եմ արել:
Պատերազմի մասին ճիշտ է խոսել պատերազմից հետո, հիմա մի քանի մտքեր իրավիճակում բեկում մտցնելու մասին.
1. Քանի որ Ուկրաինան զենք է մատակարարել ու շարունակում է մատակարարել Ադրբեջանին, չհաշված միջազգային կառույցներում օգնելը, կարելի է մտածել որոշակի «առևտրից» հետո ճանաչել Ղրիմը Ռուսաստանի մաս, կամ Վրաստանի հետ կապված Աբխազիայի անկախությունը՝ իհարկե եթե ռուսները որոշակի բան խոստանան Արցախի անկախության համար:
2. Քանի որ մենակ ենք պայքարում տեռորիզմի դեմ ճանաչենք Արցախի անկախությունը, այդպիսով սկսենք ճանաչման գործընթացը, հնարավորություն տալով մյուս երկրներին:
3. Հնարավորություն և միտք տանք որևէ մասնավոր ընկերության կամ խոշոր գործարարի (կարող է լինել նաև ռուսաստանաբնակ հայ) ռուսական «Վագներ» մասնավոր ընկերությունից բերել 1000 կռվող, եթե դա կարժենա 20 միլիոն, թող տա 60 միլիոն, «վագները» առանց քաղաքական ղեկավարության դաբրոյի չի գա, թող ևս 20 միլիոն էլ գնա այսպես ասած «չնախատեսված ծախսերի» համար:
«Վագներում» բոլորը նախկին «սպեցի» սպաներ են, մեծ փորձով և Դոնբասի, Սիրիյաի ու Լիբիայի փորձով: 1000 հոգին 10 օրում ամբողջ հարավը մերոնց հետ հետ կբերեն: Ձևակերպվում է, որպես մասնավոր սեփականության պահպանություն, օրինակ Բերձորում կամ Շուշիում:
4. Արագ պայմանագրեր կնքել Հնդկաստանի հետ՝ հաշվի առնելով Պակիստանի ֆակտրը, բանակցել և խնդրել անօդաչուներ և այլ զենքեր:
5. X հայրենասեր տնտեսվարողից պահանջել 500 անօդաչու՝ ռուսներից կամ Չինաստանից արագ գնել , թեկուզ իրական արժեքից տասնապատիկ թանկ գնով, կամ անօդաչուների դեմ պայքարելու միջոցներ: Տասնապատիկ թանկ վճարելը կարծում եմ արագ հարցը կլուծի:
6. Որևէ միջնորդի միջոցով և Սիրիայում մեր դեսպանատան կամ ազդեցիկ սիրիահայերի միջոցով դուրս ենք գալիս Աֆրինում վարձկանների ղեկավարների կամ հավաքագրողների վրա՝ կաշառում են 100 հազարավոր դոլարներով և առաջարկում ենք, որ վարձկանները հանձնվեն հայերին՝ երաշխավորելով նրանց կյանքը և վերադարձը Սիրիա՝ վճարելով նրանց սպասվող 2000 դոլարի փոխարեն 4000 ական դոլար:
Իհարկե հնարավոր է նորերը գան, բայց 2000 հոգու մի անգամից հանձնվելը արագ կփոխի ուժերի հարաբերակցությունը: Իսկ որ ահաբեկիչները միայն փողի համար են կռվում, կարծում եմ ակնառու է:
7. Դիմել սփյուռքի հայությանը և պահանջել, խնդրել ու պնդել, որ ութ միլիոնանոց սփյուռքից գոնե 8000 կամավորներ գան կռվելու:
8. Մարդկային ռեսուրսները լրացնելու համար անցնել ավելի կոշտ մեթոդների , օրենքի ուժով տանել նախ մարզելու 10-15 օրով, ապա ճակատ: Այս պրոցեսը դարձնել անընդհատ:
9. Թիկունքի աշխատանքները կազմակերպելու համար կազմել օպերատիվ շտաբ՝ ահռելի օգնությունը տեսակավորելու և շտապ ճակատ և առաջնագիծ հասցնելու համար:
10. Ավելի ակտիվ աշխատել մյուս պետությունների հետ և արագ հասնել նրան, որ միջազգային կոալիցիա ձևավորվի տեռորիզմի դեմ պայքարում, չէ որ տեռորիստների առկայությունը արդեն ապացուցված փաստ է և այս պահին բոլոր խոշորները չեն վիճարկում այդ հանգամանքը: Իսկ տեռորիզմը միշտ վերացնում են միջազգային ուժերով:
Գուցե 10 կետերից միայն մեկը կամ մեկի կեսն է իրատեսկան ու հնարավոր, բայց պատկան մարմիններին խնդրում եմ ուշադիր լինել և քննարկել ցանկացած կարծիք:
Կ. Պողոսյան
Կարծիքներ