Արևմտյան Եվրոպայում մոլեգնող «Կիարան» փոթորկի պատճառով Ֆրանսիայում կա առնվազն 1 զոհ

Արևմտյան Եվրոպայում մոլեգնող «Կիարան» փոթորկի պատճառով Ֆրանսիայում կա առնվազն 1 զոհ

Գիշերը Եվրոպայի արևմտյան հատվածին պատուհասած «Կիարան» փոթորկի պատճառով Ֆրանսիայում առնվազն 1 մարդ է մահացել, ավելի քան 1,2 միլիոն տներ մնացել են առանց էլեկտրականության, որոնց մեծ մասը՝ Բրետանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ France 24 պարբերականը հաղորդում է, որ տարածաշրջանում գրանցվել են մի քանի տասնամյակի ընթացքում ամենաուժգին քամիները։ Պուենտ դյու Ռա հրվանդանում քամու արագությունը հասել է 207 կմ/ժ-ի։

Մինչ փոթորիկը շարժվում է դեպի Ֆրանսիայի խորքերը, երկրի 31 դեպարտամենտներում հայտարարվել է վտանգավոր եղանակի «նարնջագույն» մակարդակ։

Ատլանտյան օվկիանոսում ալիքների բարձրությունը կարող է հասնել 8-10 մետրի։ Մինչև նոյեմբերի 3-ի առավոտյան սպասվում են ուղևորությունների գրաֆիկի խափանումներ․ ամբողջ Ֆրանսիայում փակվել են մի շարք օդանավակայաններ և երկաթգծեր։

«Կիարան» փոթորիկը հասել է նաև Միացյալ Թագավորություն և Նորմանդյան կղզիներ։ Ըստ BBC-ի՝ Ջերսի կղզում տասնյակ մարդիկ տեղափոխվել են հյուրանոցներ 160 կմ/ժ արագությամբ քամիների պատճառով։ Անգլիայի հարավում ավելի քան 300 դպրոց է փակվել։ Քամիները քշել-տարել են տանիքներ, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության, գնացքների մի մասը դադարեցրել է աշխատանքը։ Անգլիայի, Շոտլանդիայի և Ուելսի մի քանի հատվածներում հայտարարվել է վտանգավոր եղանակի «դեղին» մակարդակ, որը նշանակում է, որ առկա է մարդկանց կյանքին և ունեցվածքին սպառնացող հնարավոր վտանգ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում