Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի զոհերի հիշատակին
Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի զոհերի հոգիների խաղաղության համար, հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:
«Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նահատակվածների հոգիների խաղաղության համար օգոստոսի 9-ին Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան հատուկ արարողություն»,- ասվում է հայտարարության մեջ:
Արարողությանը մասնակցել է նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը։
Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն որոտաց Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու շրջակայքում տեղի ունեցած ավերածությունները: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 220-ը, տուժել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։
Կարծիքներ