ԱՄՆ-ը մտադիր է հաջորդ շաբաթ հայտարարել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին
ԱՄՆ-ը ծրագրում է հաջորդ շաբաթ հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կարող է ներառել մի քանի հրթիռային կայաններ։ Այս մասին հինգշաբթի հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրները։
Նրանց տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է Ուկրաինա ուղարկել հեռահար հրթիռների առաջադեմ համակարգեր։ Վարչակազմը հակված է այդ համակարգերը ներառելու Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ընդլայնված փաթեթում, որը կարող է հայտարարվել հաջորդ շաբաթ, հաղորդում է CNN-ը։
Աղբյուրների համաձայն՝ ամերիկյան ղեկավարությունը մի քանի շաբաթ չհամարձակվեց ուղարկել այդ զենքերը Կիև՝ վախենալով, որ ուկրաինացի զինվորականները կարող են դրանք օգտագործել Ռուսաստանի տարածքում հարձակողական գործողությունների համար։
Երկուշաբթի օրը ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, ելույթ ունենալով Ուկրաինային ռազմական օգնությունը համակարգող արևմտյան կոնտակտային խմբի երկրորդ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում, հրաժարվել է ասել, թե արդյոք Վաշինգտոնը կարող է Կիևին տրամադրել բարձր շարժական բազմակի հրթիռային համակարգեր:
Կարծիքներ