ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսականներին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը
ԱՄՆ Կոնգրեսի շենքում նոյեմբերի 2-ին կայացել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հանդիպումը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի տասնյակից ավելի անդամների հետ:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Մակունցը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականներին Հայաստանին և հայ ժողովրդին հուզող հարցերին մշտապես սատարելու, Կոնգրեսում հայանպաստ բանաձևերի ընդունման համար։ Մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերի ընդունման, ինչպես նաև Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան դատապարտելու և համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու կապակցությամբ։
Դեսպան Մակունցը կոնգրեսականներին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ծրագիրը, հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը և տարածաշրջանային ներկայիս անվտանգության հարցերը։ Այդ համատեքստում կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում:
Դեսպան Մակունցը ներկաների ուշադրությունն է հրավիրել 44-օրյա պատերազմին հաջորդած մարտահրավերների ու հումանիտար ճգնաժամի վրա՝ առաջնահերթ ընդգծելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը պատասխանել է կոնգրեսականներին հետաքրքրող հարցերին:
Կարծիքներ