«Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի քննարկում՝ Նարեկ Մկրտչյանի և Գնել Սանոսյանի գլխավորությամբ

«Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի քննարկում՝ Նարեկ Մկրտչյանի և Գնել Սանոսյանի գլխավորությամբ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ՝ այսօր կայացել է հանդիպում-քննարկում՝ համայնքային սոցիալական աշխատանքի վերաբերյալ՝ «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի համատեքստում։ Միջոցառմանը ՀՀ բոլոր մարզերից և Երևանից մասնակցել են համայնքային ավելի քան 60 սոցիալական աշխատող, ներկայացուցիչներ՝ ԱՍՀ և ՏԿԵ նախարարություններից, տեղական և միջազգային կազմակերպություններից։

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն իր ելույթում անդրադարձել է համայնքային և Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողների սերտ ու արդյունավետ համագործակցության կարևորությանը․

«Թե՛ համայնքային, թե ՄՍԾ սոցիալական աշխատողների նպատակը պետք է լինի նույնը՝ քաղաքացիների կարիքների ամբողջական գնահատման և անհրաժեշտ սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացն իրականացնել էլ ավելի արդյունավետ ու հասցեական։ «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի ներկայացումը նպատակ ունի համայնքային սոցիալական աշխատողներին մանրամասնել քաղաքականության հեռանկարները, որոնք հնարավորություն կտան առավել հստակեցնել յուրաքանչյուրիս անելիքը և այն՝ համատեղ։ Եվ այս առումով ուզում եմ առանձնահատուկ շեշտել, որ Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոնները միշտ պատրաստ են ակտիվ համագործակցության»,- նշել է նախարարը։

ՏԿե նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ պետությունն այսօր գնում է սոցիալական աշխատողի ինստիտուտը կայացնելու ճանապարհով․ «Հենց այս համատեքստում է նաև նախաձեռնվել համայնքային սոցիալական աշխատողի հաստիքների ստեղծումը համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերում։ Մշակվել և համայնքներին են տրամադրվել համայնքային սոցիալական աշխատողների պաշտոնների անձնագրերի օրինակելի ձևերը։ Լիահույս ենք, որ այս նախաձեռնությամբ սոցիալական աշխատողը կապող օղակ կդառնա մի կողմից համայնքի, մյուս կողմից՝ տարբեր միջազգային և հասարակական կազմակերպությունների միջև, ինչի շնորհիվ սոցիալական խնդիրները կստանան համապատասխան լուծումներ»,- նշել է նախարար Սանոսյանը:

Միջոցառման շրջանակում ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ու ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը խոսել են սոցիալական պաշտպանության համակարգում համայնքի առանձնահատուկ լիազորությունների ու սոցիալական ծառայությունների քաղաքականության առանցքում համայնքի ունեցած դերի մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում