ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է միանա Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը
Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կմիանան Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք հատկապես գնահատում ենք այն փաստը, որ Ադրբեջանի նախագահը, հարգելի Իլհամ Հեյդարովիչը (Ալիեւ), անփոփոխ կերպով ընդգծում է այս տարածաշրջանում հաշտության խնդիրը, ինչը, մեր խորին համոզմամբ, հետագա աշխատանքի ամբողջ իմաստն է, եթե մենք իսկապես մտածում ենք մարդկանց մասին, եւ ոչ թե ներմուծված ինչ-որ շահերի»,- ասել է Լավրովը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը:
Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ անհրաժեշտ է միջազգային կազմակերպություններին ներգրավել Լեռնային Ղարաբաղի հումանիտար խնդիրների լուծման գործում:
«Մենք, մեր խաղաղապահների միջոցով, մեր ադրբեջանցի գործընկերների հետ միասին, հայկական կողմի մասնակցությամբ, ակտիվորեն համակարգում ենք մարդասիրական խնդիրների լուծման կոնկրետ ուղիներ` ի շահ վերադարձող մարդկանց: Սա եւ քաղաքացիական ենթակառուցվածքների կարգավորումն է, եւ տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման համար անհրաժեշտ ամեն ինչի կարգավորումը»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: «Եւ, իհարկե, մենք ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք Ռուսաստանի հետ միասին տարիներ շարունակ ղեկավարում են քաղաքական գործընթացը, կմիանան այդ խնդիրների լուծմանը՝ հաշվի առնելով եւ հիմք ընդունելով նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները»:
Կարծիքներ