Վրաստանի իշխանությունները շարունակում են աջակցել Ուկրաինային՝ անկախ դեսպանին հետ կանչելու փաստից
Վրաստանի իշխանությունները, ի հեճուկս պաշտոնական Կիևի որոշման՝ հետ կանչելու այդ երկրում իրենց դեսպանին, շարունակում են քաղաքական ու հումանիտար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլիի հայտարարության մեջ:
«Անհասկանալի է Ուկրաինայի նախագահի որոշումը՝ հետ կանչելու Վրաստանում իրենց դեսպանին: Չնայած այդ որոշմանը, Վրաստանը շարունակում է և շարունակելու է քաղաքական ու հումանիտար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային իր հնարավորությունների շրջանակում»,- ասել է նա:
Նա նշել է, որ «ապակառուցողական ընդդիմությունն ու «Միասնական ազգային շարժումը» չեն դադարում փորձեր անել Վրաստանին ներքաշելու պատերազմի ու սադրանքների մեջ»: «Դրանց նպատակը մեր երկրի տարածքում ռազմական գործողությունների սկսելն է»,- ասել է Դարչիաշվիլին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինան խորհրդակցությունների համար հետ է կանչել Վրաստանում և Ղրղզստանում իր դեսպաններին: Այս մասին հայտնել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Տելեգրամ»-ի իր էջում:
Կարծիքներ