Մոսկվան իրատեսական է համարում Ուկրաինայում խաղաղության շուրջ Չինաստանի ծրագիրը․ Պուտինը հարցազրույց է տվել Xinhua-ին

Մոսկվան իրատեսական է համարում Ուկրաինայում խաղաղության շուրջ Չինաստանի ծրագիրը․ Պուտինը հարցազրույց է տվել Xinhua-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան այցի նախաշեմին հարցազրույց է տվել Xinhua գործակալությանը՝ նշելով, որ Պեկինի առաջարկները՝ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ, իրատեսական են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պուտինի հարցազրույցն ամբողջությամբ հրապարակվել է Կրեմլի կայքում։

Պուտինի խոսքով՝ Չինաստանում հրաշալի հասկանում են ուկրաինական ճգնաժամի պատճառները և դրա գլոբալ աշխարհաքաղաքական նշանակությունը, որն արտացոլվել է ճգնաժամը քաղաքական միջոցներով կարգավորելու մասին 12 կետից բաղկացած ծրագրում, որը Չինաստանը ներկայացրել էր 2023 թ․ փետրվարին։

ՌԴ նախագահը հայտնել է, որ Պեկինը ևս 4 սկզբունք է առաջարկել, որոնք լրացնում են վերոնշյալ ծրագիրը և խաղաղության հասնելու «իրատեսական ու կառուցողական քայլեր են»։

«Ցավոք, այդ նախաձեռնություններն աջակցություն չեն գտնում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ նրա արևմտյան հովանավորների շրջանում», - ասել է Վլադիմիր Պուտինը։

Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության Ուկրաինայի հարցով՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար, սակայն բանակցությունները պետք է հաշվի առնեն Մոսկվայի շահերը և միաժամանակ քննարկեն համաշխարհային կայունությունը և անվտանգության հուսալի երաշխիքները։

Պուտինը նաև նշել է, որ Արևմուտքը փորձում է «պատժել», մեկուսացնել և թուլացնել Ռուսաստանին և աչք է փակում Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի հարձակումների վրա։

ՌԴ նախագահը նաև բարձր է գնահատել Չինաստանի հետ հարաբերությունները՝ նշելով, որ դրանք հասել են ամենաբարձր մակարդակին։ Իսկ 2024 թվականին ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահության ընթացքում գլխավոր նպատակներից մեկը Պուտինն անվանել է կազմակերպության կազմում նոր մասնակիցների ինտեգրումը։

Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով մայիսի 16-17-ը պետական ​​այցով կմեկնի Չինաստան։ Սա կլինի նրա առաջին արտասահմանյան այցը նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում