Ռուսաստանն սկսել Է զորքերը ռազմակայաններ վերադարձնել Ղրիմի վարժանքներից հետո
Ռուսաստանի զինվորականները, որոնք մասնակցել են Ղրիմի զորավարժություններին, սկսել են վերադառնալ ռազմակայաններ: Այդ մասին ապրիլի 23-ին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«Ապրիլի 23-ին Հարավային ռազմական օկրուգի եւ Օդադեսանտային զորքերի ուժերը, որոնք գործի են դրվել մարտունակության անակնկալ ստուգման միջոցառումներում, սկսել են վերադառնալ մշտական տեղաբաշխման կետեր»,-ասել են ռազմական գերատեսչությունում: «Ներկայում ռազմական ստորաբաժանումները եւ միավորումները երթեր են կատարում բեռնման երկաթուղային կայարաններ եւ օդաթռիչքարաններ, իրականացնում են դեսանտային նավերի, երկաթուղային հարթակների եւ ավիացիայի ռազմա-տրանսպորտային ինքնաթիռների բեռնում»,-ասել են ՌԴ պաշտպանության նախարարությունում: Զորավարժություններից հետո Ղրիմից նաեւ կհեռանան Հարավային ռազմական օկրուգի քիմպաշտպանության զորքերը:
Ապրիլի 22-ին Ղրիմում կայացել Է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի եւ Օդադեսանտային զորքերի վարժանքների հիմնական փուլը: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժություններում գործարկվել Է ավելի քան 10 հազար զինծառայող, 1,2 հազար միավոր սպառազինություն եւ ռազմական տեխնիկա, ավելի քան 40 մարտանավ եւ ապահովման 20 նավ: Նախօրյակին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել Է զորավարժությունների ավարտվելու մասին, որոնք ստուգողական միջոցառումների ընթացքում տեղի են ունեցել Հարավային եւ Արեւմտյան ռազմական օկրուգներում, եւ ընթացել են հաջողությամբ: Շոյգուն ասել Է, որ ապրիլի 23-ից զորքերը կսկսեն վերադառնալ մշտական տեղաբաշխման վայրեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ