Բիլ Գեյթսը չի հավատում բիթքոինին

Բիլ Գեյթսը չի հավատում բիթքոինին

Բիլ Գեյթսը մանրածախ ներդրողներին խորհուրդ է տվել զգույշ լինել բիթքոինում ներդրումներ կատարելիս՝ չէ որ նրանք շատ ազատ փող չունեն, ի տարբերություն, օրինակ, Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկի:

«Իլոնը շատ փող ունի եւ շատ առաջադեմ է, ուստի ես չեմ անհանգստանում, որ նրա բիթքոինները քաոտիկ կերպով կբարձրանան եւ կիջնեն: Բայց կարծում եմ, որ նման մոլուցքների կտրվեն մարդիկ, ովքեր նույնքան գումար չունեն պահած: Կարծում եմ, որ եթե ավելի քիչ գումար ունեք, քան Իլոնը, ապա հավանաբար պետք է զգույշ լինել»,- ասել է Գեյթսը, հայտնում է Forbes-ը: Microsoft-ի համահիմնադիրը հավելել է, որ այնքան էլ չի հավատում բիթքոինին: Նրա խոսքով՝ սովորաբար ներդրումներն ուղղվում են մի բանի, ինչը հասարակությանը որեւէ օգտակար բան է տալիս: Բիթքոինը հսկայական քանակությամբ էներգիա է օգտագործում (ինչը վնասակար է էկոլոգիայի համար), իսկ դրանց հետ կապված գործառնություններն անշրջելի են, ասել է Գեյթսը։ Միեւնույն ժամանակ, ընդհանուր առմամբ, նա թվային արժույթները համարում է լավ տեխնոլոգիա:

Tesla-ն փետրվարի 8-ին հայտարարել է 1,5 միլիարդ դոլարի բիթքոին գնելու մասին: Այդ ժամանակից ի վեր, կրիպտոարժույթի արժեքը նախ հասել է 58 000 դոլարի պատմական առավելագույնին, իսկ այնուհետեւ ընկել է ավելի քան 10 000-ով՝ ներքեւ քաշելով նաեւ Tesla-ի բաժնետոմսերը: Փետրվարի 22-ին սակարկումների ավարտին Իլոն Մասկի կարողությունը նվազել է 13 միլիարդ դոլարով, իսկ 23-ին նրա կապիտալը նվազել է եւս 14 միլիարդ դոլարով:

Coinmarketcap բորսայի տվյալների համաձայն, այժմ բիթքոինն արժե մոտ 49 300 դոլար: Tesla-ի բաժնետոմսերը չորեքշաբթի օրվա, փետրվարի 24-ի արդյունքներով աճել են 6%-ով եւ կազմել 742 դոլար, իսկ Մասկի կարողությունն ավելացրել է օրական 8,4 միլիարդ դոլարով եւ հասել 174,5 միլիարդի, բխում է Forbes Real-Time-ի վարկանիշից, որը թարմացվում է իրական ժամանակում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում