Աֆղանստանի ուժգին երկրաշարժի հետևանքով հիմնահատակ ավերվել է 6 գյուղ
Աֆղանստանում շաբաթ օրը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 2 հազար մարդ, վիրավորվել՝ ավելի քան 9 հազարը։ Իշխանությունների տվյալներով՝ վեց գյուղ ամբողջությամբ ավերվել է։
Հոկտեմբերի 7-ին Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ Աֆղանստանում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Աղետի էպիկենտրոնը եղել է Հերատ քաղաքից 42 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 272 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։
Սկզբում հաղորդվել է 15 զոհի և 40 վիրավորի մասին, սակայն զոհերի թիվն անմիջապես սկսել է կտրուկ աճել։ Այն ժամեր անց հասել է 120-ի, հետո՝ 500-ի, հետո արդեն հաղորդվել է 1000 զոհի մասին
Այժմ, ինչպես հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով «Թալիբան» արմատական շարժման ժամանակավոր կառավարության աղետների կառավարման նախարարությանը, զոհվել է 2053, վիրավորվել՝ 9240 մարդ։ Ավերվել է 1329 տուն։
Թալիբանի ժամանակավոր կառավարությունում տեղեկատվության և մշակույթի նախարարության ներկայացուցիչ Աբդուլ Վահիդ Ռայանի խոսքով՝ վեց գյուղ ամբողջությամբ ավերվել է։ Զոհերի թիվը դեռ փոփոխվելու է, սպասվում է, որ այն զգալի կաճի:
Աղետի շրջաններում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Նոր երկրաշարժը ևս մեկ հարված է Աֆղանստանի համար, որը բախվում է ծանր հումանիտար ճգնաժամի՝ 2021 թվականին թալիբների իշխանության վերադարձից և միջազգային օգնության հետագա դադարեցումից հետո:
Կարծիքներ