Թուրքիան օդային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող քրդական հենակետերին
Թուրքական բանակը ռմբակոծել է քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» մի քանի թիրախներ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե նահանգի Ղամիշլի քաղաքում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ թուրքական ռազմական ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը շարունակաբար ռմբակոծել են քրդական դիրքերը Ղամիշլիի հյուսիսում գտնվող երկաթուղային կայարանի և էլեկտրակայանի տարածքում, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի անջատման։
Թուրքական օդուժը գրոհել է նաև Թալ Օդեում գտնվող գազի հանքավայրը, ինչի արդյունքում խաթարել է գազի մատակարարումը տարածաշրջանից դեպի նավթավերամշակման գործարաններ։ Խաթարվել է նաև դիզվառելիքի մատակարարումը։
Թուրքական բանակը օդային և ցամաքային ռազմական գործողություններ է իրականացնում Հյուսիսային Իրաքում և Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամների դեմ, որը Թուրքիան համարում է ահաբեկչական կազմակերպություն, ինչպես նաև Ժողովրդական ինքնապաշտպանական ճակատի դեմ, որը Թուրքիան համարում է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» մասնաճյուղը։
Կարծիքներ