Վահան Քերոբյանը վստահեցրեց՝ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը շուտով կլուծվի

Վահան Քերոբյանը վստահեցրեց՝ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը շուտով կլուծվի

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը, բանակցությունների միջոցով, շատ շուտով կլուծվի։

 Քերոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլորն անհանգստացած ենք այն վիճակով, որն այսօր առկա է Սյունիքի մարզում։

«Բանակցությունների միջոցով, վստահ եմ, որ կհասնենք նրան, որ այս պահին գործող ճանապարհը կաշխատի նորմալ ձևով: Երկրորդ, մենք նաև շրջանցիկ ճանապարհն ենք շատ ակտիվ վերակառուցում, որպեսզի այն հասանելի լինի բեռնատարների համար: Երրորդ, որը նույնպես քիչ կարևոր չի՝ «Հյուսիս-Հարավ» ծրագրի Քաջարան-Սիսիան հատվածում խոշոր ներդրումներն են: Ես արդեն ասել եմ, որ դա մոտ 1 մլրդ դոլարի ներդրում է, որը շատ շուտով կանցնի իր իրագործման փուլին»,-ասաց նախարարը:

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացրել էին, որ նույն օրը, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ, Ադրբեջանի հսկողության տակ գտնվող բնակավայրերից մեկի մոտակայքում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում էր իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

Սեպտեմբերի 18-ի երեկոյան էլ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի 2 բնակիչ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել էին մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմը վերադարձրել էր քաղաքացիներին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում