Իտալիան աջակցում է Արևմտյան Բալկանների անդամակցությանը Եվրամիությանը
Իտալիան աջակցում է Արևմտյան Բալկանների անդամակցությանը Եվրամիությանը և դա համարում է ռազմավարական կարևոր հարց, այսօր հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին Բելգրադում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«(Իտալիայի) նոր կառավարությունը որոշել է Բալկանների նկատմամբ քաղաքականությունը դարձնել ռազմավարական առաջնահերթություն: Այն ամենն, ինչ մենք անում ենք, ընդհանուր ռազմավարության մի մասն է, որն ուղղված է Իտալիայի ներկայության ընդլայնմանը Եվրոպայի այս մասում, որպեսզի բալկանյան երկրները, սկսած Սերբիայից, ապագայում դառնան Եվրամիության անդամներ: Մենք աջակցում ենք Սերբիային՝ որպես թեկնածու երկրի, և ցանկանում ենք, որ Բալկանները հնարավորինս արագ դառնան Եվրամիության բաղկացուցիչ մասը»,- հայտարարել է Տայանին։
Այժմ ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածուներ են Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թուրքիան և Չեռնոգորիան։
ԵՄ-ին անդամակցելու շուրջ ամենաերկարատև բանակցություններն է վարում Թուրքիան՝ 2005 թվականից, Չեռնոգորիան թեկնածուի կարգավիճակում է 2010 թվականից։ Վերջերս ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ են ստացել Ուկրաինան և Մոլդովան։ Այս երկրներից ոչ մեկի համար ԵՄ ընդունման որոշակի ժամկետներ չկան:
Կարծիքներ