Հայտնի են Հանրային հեռարձակողի խորհրդի նոր անդամները

Հայտնի են Հանրային հեռարձակողի խորհրդի նոր անդամները

2025 թվականի մայիսի 26-ին կայացած նիստի արդյունքներով Քրիստինե Մելքոնյանն ու Արա Շիրինյանը հաղթող են ճանաչվել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթում։

Ժամանակավոր մրցութային հանձնաժողովը, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 20-րդ մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով քվեարկության արդյունքները, կայացրել է համապատասխան որոշում, որը օրենքով սահմանված կարգով ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վարչապետին։

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

1999 թվականին ընդունվել է Երևանի մենեջմենթի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: Հեռուստատեսությունում աշխատելուն զուգահեռ ստացել է երկրորդ մասնագիտական բարձրագույն կրթություն՝ լրագրության մագիստրոսի աստիճան: Մասնակցել է բազմաթիվ մասնագիտական և ոչ մասնագիտական սեմինարների, քննարկումների: Աշխատել է ՀՀ Կառավարությանն առընթեր տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնում որպես հեռուստառադիոփորձագետ, «Նոյյան տապան» հեռուստաընկերությունում՝ լուրերի հաղորդավար, «Ար» հեռուստաընկերության թղթակից: 2000 թվականից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, «Առաջին» լրատվական ծրագրի մեկնաբան է: 2009-2010 թթ. դասախոսել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում:
2010 թվականին ճանաչվել է Հանրային կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից «Տարվա լավագույն հեռուստամեկնաբան»:
2022 թվականից մինչ օրս դասախոս է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, իսկ 2023 թվականից՝ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար:

ԱՐԱ ՇԻՐԻՆՅԱՆ

Ծնվել է 1957 թ. Երևանում։ Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ Ավելի քան 20 տարի աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսությունում որպես ռեժիսոր և պրոդյուսեր։ 2004-2018 թթ. ղեկավարել է «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ուղղությունը։ Դասավանդել է Երևանի պետական համալսարանում, եղել է բազմաթիվ փորձագիտական հանձնաժողովների անդամ, այդ թվում՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում։ Շիրինյանը համահիմնադրել է «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիան և հեղինակ է մի շարք միջազգային մրցանակների արժանացած վավերագրական ֆիլմերի։ 2019-2025 թթ. եղել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում