Նոր վազքուղու կառուցմամբ Արտաշատը կդառնա աթլետիկայի կենտրոն. Կարեն Գիլոյան

Նոր վազքուղու կառուցմամբ Արտաշատը կդառնա աթլետիկայի կենտրոն. Կարեն Գիլոյան

Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքները թևակոխում են գործնական փուլ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ: Համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանի հետ նախարարի տեղակալն այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ, որտեղ օրեր անց մեկնարկելու են միջազգային չափանիշներին համապատասխան, Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված վազքուղու կառուցման աշխատանքները: Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է 71 մլն 860.4 հազար դրամ:

«Աշխատանքները պետք է իրականացնել հնարավորինս արագ և արդյունավետ: Հապաղել պետք չէ, քանի որ յուրաքանչյուր օրը կորուստ է սպորտի համար: Վազքուղու կառուցմամբ Արտաշատը կդառնա աթլետիկայի կենտրոն, իսկ հայ մարզիկները միջազգային մրցումներում առավել բարձր արդյունքներ կգրանցեն: Բացի դրանից՝ Արարատի մարզն ավելի սպորտային տեսք կստանա՝ հնարավորություն ունենալով անցկացնելու միջազգային մրցաշարեր»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը տեղեկացրել է, որ որոշ ընթացակարգային հարցերից հետո առաջիկա օրերին ներկայիս՝ դեռևս 1980-ականներին տեղադրված վազքուղին կապամոնտաժվի, կլուծվեն ջրահեռացման հետ կապված խնդիրները, և կմեկնարկեն նոր վազքուղու կառուցման աշխատանքները:

«Շնորհակալ ենք հետևողական վերաբերմունքի համար: Մարզում սպորտային ենթակառուցվածքների զարգացումը բխում է բոլորիս շահերից»,- ասել է Կարեն Բենիամինյանը և վստահեցրել, որ բոլոր աշխատանքները կիրականացվեն պատշաճ մակարդակով:

Արտաշատ կատարած աշխատանքային այցի շրջանակում քննարկվել են նաև համայնքի սպորտային կյանքին, ենթակառուցվածքների զարգացմանը, բարձր արդյունքներ գրանցող մարզիկներին և նրանց մարզիչներին խրախուսելու տարբերակներին առնչվող հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում