Երևանում ներկայացվեց ազգային խոհանոցի զարգացման հնգամյա ռազմավարության առաջին փաստաթուղթը

Երևանում ներկայացվեց ազգային խոհանոցի զարգացման հնգամյա ռազմավարության առաջին փաստաթուղթը

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ն և Տուրիզմի հայկական ֆեդերացիան նոյեմբերի 1-ին «Մեգերյան կարպետ»-ում իրականացրին համաժողով՝ նվիրված ազգային խոհանոցի զարգացման ռազմավարությանը։ 

Ռազմավարության նպատակն է նպաստել հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, ներգնա զբոսաշրջության կայուն զարգացմանը, հանրային առողջության ապահովմանը, հայկական ազգային կերակրատեսակների հանրայնացմանը, բնաշխարհին հատուկ էնդեմիկ բուսատեսակների և պտղատեսակների պահպանությանը։

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանն ընդգծեց՝ հինգ տարի մշակում են ազգային խոհանոցի զարգացման ռազմավարական հայեցակարգը։

Նա նշեց՝ մենք պետականորեն ամրագրված ազգային խոհանոց չունենք, ինչը լրջագույն խնդիր է, իսկ մեր հարևան երկրները դեռ 1980-ականներին արել են այդ քայլը։

Սեդրակ Մամուլյանը հայեցակարգի գործնական կիրառումը պատկերացնում է հիմնադրամի ստեղծման, պետություն-մասնավոր համագործակցության, հինգ տարվա ժամկետով աշխատանքների համակարգման միջոցով։

ՀՀ  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի կարծիքով՝ խոհարարությունը հասարակությանն ամենահասանելի ոլորտներից մեկն է, որն ազգայինը պահպանելու հնարավորություն է տալիս։

Միջոցառմանը հանրությանը ներկայացվեցին Սեդրակ Մամուլյանի հեղինակած «Սյունիքի խոհանոց», «Վայոց ձորի խոհանոց», «Տավուշի խոհանոց», «Լոռվա խոհանոց» հայերեն-անգլերեն գրքերը, որոնք հնարավորություն են տալիս նորովի բացահայտել հայկական խոհանոցը, ընդգծել բազմազանությունը, տարածաշրջանային յուրահատկությունները և ազգային ժառանգության պահպանման կարևորությունը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում