«Երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և ամրապնդման քաղաքականությունից չենք նահանջելու»․ Վահագն Խաչատուրյանը՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին։
Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի կնքման կապակցությամբ և արդյունավետ համագործակցություն է մաղթել:
Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ որպես պատվիրակության ղեկավար՝ իր բոլոր ջանքերն ուղղում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ սերտ համագործակցության շարունակական խթանման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության կողմից իրականցվող մշտադիտարկմանն ու հերթապահությանը: Երկուստեք բարձր են գնահատվել Հայաստանի և Եվրամիության համատեղ իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները:
Վասիլիս Մարագոսը նշել է, որ Եվրամիությունը հանձնառու է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման անխափան ընթացքին աջակցելու իր որոշմանը: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը անշեղորեն որդեգրել է երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և ամրապնդման քաղաքականությունը, որից չի նահանջելու:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է կայուն և տևական խաղաղության հասնելու և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի միանշանակ դիրքորոշումը: Այս համատեքստում նախագահը շեշտել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության առկայությունը ժողովրդավարության ամրապնդման կարևոր նախապայմաններից է:
Կարծիքներ