Ադրբեջանի Սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն. Ալեն Սիմոնյան
Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան այս խոսակցությունը եղել է. հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի պահանջով։
«Հայաստանը, հիմնադրումից ի վեր, փաստաթղթերում ունեցել է դրույթներ, որոնք, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողություններն ու վերջին իրադարձությունները, պետք է փոփոխվեն։ Մենք պետք է հասկանանք՝ Հայաստանն ուր է գնում և ինչի համար է Հայաստանի գոյությունը։ Արդյո՞ք այդ գոյությունը նրա համար է, որ մենք վերականգնենք պատմական Մեծ Հայքը, Փոքր Հայքը, թե՞ դա սեպտեմբերի 21-ի Հայաստանի մասին է, երբ ստացանք անկախություն։ Դա ՀՀ քաղաքացու՞ մասին է, որ պետք է ունենա ապահով և ունենա բարեկեցիկ կյանք։ Մենք պետք է այս հարցերի պատասխանները տանք։ Ես կարծում եմ՝ այս հարցերի պատասխանները միանշանակ չեն հանրության մեջ, և դրա հետևանքով նաև միանշանակ չեն արտացոլված մեր օրենսդրության մեջ։ Չի կարող Հայաստանը լինել ամորֆ բան, չի կարող քաղաքացին չհասկանալ և չիմանալ, թե որտեղ է սկսվում իր հայրենիքը և վերջանում»,- ասել է նա։
Սիմոնյանը անդրադարձել է նաև տեսակետին, թե սահմանադրությունը փոփոխվում է Ադրբեջանի պահանջով. նա շեշտել է, որ Հայաստանը ևս Ադրբեջանի առաջ սահմանադրական փոփոխությունների հարց է բարձրացնում. «Ադրբեջանի սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն, և կրկնում եմ՝ յուրաքանչյուր բանակցություն, որ հայկական կողմը իրականացնում է, արվում է հայելային»։
Կարծիքներ