Նախագիծը դրական ազդեցություն է ունենալու հասարակության,մասնավորապես դեռահասների վրա. քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերի ցուցադրումը կսահմանափակվի
Հանձնաժողովում քննարկվում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով արգելվում է քրեական ենթամշակույթ քարոզող, բռնության տեսարաններով ֆիլմերը, հաղորդումները հանրային մուլտիպլեքսում ցուցադրել ցերեկային ժամերին:
Հասմիկ Հակոբյանը վստահեցրեց, որ քրեական ենթամշակույթը կրող կերպարները մեր սերիալներում ռոմանտիզացված են, դրա համար օրենքում բացթողում կա:Նախագիծը դրական ազդեցություն է ունենալու հասարակության,մասնավորապես դեռահասների վրա:
2020 թվականին օրենսդիրը ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով և լրացումներով հստակ արձանագրել է քրեական ենթամշակույթի բացասական ազդեցությունը հասարակական անվտանգության, պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանման վրա: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Օրենսդիրը նաև արձանագրել էր, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման, դրա կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների տարածման դեմ պետք է դրսևորել համակողմանի մոտեցում, այսինքն՝ պետք է քայլեր ձեռնարկել ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական մակարդակում: Այս մասին ասել է Արթուր Հովհաննիսյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 30-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնության հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Արթուր Հովհաննիսյանը:
Նախաձեռնության հեղինակները հատկապես կարևոր են համարել կանխարգելել և արգելել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, որքանով որ այս պահին թույլ են տալիս օրենսդրությունը և տեխնոլոգիաները: «Դրանք պարունակում են գռեհկաբանություն, հայհոյախոսություն, ժխտում են բարոյականության համընդհանուր նորմերը և քարոզում են անբարո ապրելակերպ, նսեմացնում են կրթության ու դաստիարակության դերը, նպաստում են քրեական ենթամշակույթի բարքերի, վարվելաձևերի, խոսելաձևերի տարածմանը հասարակության մեջ, հանցագործ կերպարների և կենսակերպի ռոմանտիզացմանը»,- ասել է զեկուցողը՝ մանրամասնելով, որ հաճախ անչափահասները քրեական ենթամշակույթ կրող անձանց կերպարները կրկնօրինակելու ցանկություն են ունենում, ինչն էլ բացասաբար է անդրադառնում նրանց վրա:
Առաջարկվում է սահմանել, որ քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն ընկած ժամանակահատվածում:
Նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանում է կարգավորող պետական մարմինը:
Պատգամավորներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել օրենսդրական նախաձեռնությունը, կարևորել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի, սերիալների կամ տեսալսողական հաղորդումների հեռարձակման կանխարգելումը: Ներկայացվել են մի շարք առաջարկներ և դիտողություններ, որոնք հեղինակները կքննարկեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
Հարակից ելույթում պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նշել է, որ նախաձեռնության կարիքը վաղուց էր հասունացել: Նա կարևորել է նախագծի ընդունումը:
«Ես կարծում եմ, որ մենք պետք է հնարավոր բոլոր միջավայրերում և հարթություններում կանխարգելենք և արգելենք քրեական ենթամշակույթի որևէ դրսևորում և տարածում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ քրեական մշակույթը, ըստ էության, պետության հիմքերը խարխլող երևույթ է, այն հատուկ է հիմնականում հետխորհրդային երկրներին: Հայաստանի Հանրապետությունը վերջապես պետք է ձերբազատվի պախարակելի, պետությունը քայքայող, պետության հետ կապ չունեցող երևույթներից: Անգամ եթե այդ քայլերն ունեն քաղաքական մեսիջի նպատակ, մենք պետք է գնանք այդ ուղղությամբ: Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որտեղ չի կարելի հանրային մուլտիպլեքսով «գողական» ֆիլմեր ցույց տալ, հանցագործ աշխարհի մասին ռոմանտիզացված հաղորդումներ նկարել և այդպես շարունակ»,- ամփոփելով քննարկումը՝ շեշտել է Արթուր Հովհաննիսյանը:
Կառավարության դրական կարծիքը նախաձեռնության վերաբերյալ ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Լրամշակման նպատակով մինչև երկու ամսով հետաձգվել է ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Կարծիքներ