Հայաստանում շախմատը դասավանդվում է դպրոցում, կցանկանայինք այդ օրինակը կիրառել նաև մեր երկրում. Անդրիաս Յորգիչ

Հայաստանում շախմատը դասավանդվում է դպրոցում, կցանկանայինք այդ օրինակը կիրառել նաև մեր երկրում. Անդրիաս Յորգիչ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Սերբիայի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անդրիյա Յորգիչին:

Սերբական պատվիրակության կազմում էին Սերբիայի հայ ազգային համայնքի նախագահ Բիլիանա Օբրադովիչը, Սերբիայի Ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ծրագրի ղեկավար Դարկո Օբրադովիչը և «Borba» ամսագրի խմբագիր Լիլիանա Ստոյանովիչը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ողջունելով հյուրերին, հայ-սերբական մարզական հարաբերություններն իր լիազորությունների շրջանակում ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել:

Սերբիայի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անդրիյա Յորգիչը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է՝ առաջին անգամ է Հայաստանում և մեծ տպավորություններ ունի, իսկ մեր երկիր է ժամանել հատուկ առաքելությամբ. «Գիտենք, որ Հայաստանում շախմատը դասավանդվում է դպրոցում, ու կցանկանայինք այդ օրինակը կիրառել նաև մեր երկրում: Հայաստանը շախմատային մեծ պատմություն և ավանդույթներ ունեցող երկիր է, ու մենք շատ ուրախ կլինենք ձեզ հետ համագործակցության համար: Իմ առաքելությունն է ուսումնասիրել Հայաստանում շախմատի ուսուցման մեթոդաբանությունը և աշխատել այդ փորձը Սերբիայում ևս կիրառելու ուղղությամբ»:

Փաստելով, որ բարեկամների հետ պատրաստ ենք կիսվել մեր փորձով, Կարեն Գիլոյանը նշել է. «Հանրակրթական դպրոցներում շախմատ առարկայի դասավանդումը, անկասկած, իր դրական ազդեցությունն է ունեցել մարզաձևի մասսայականացման վրա: Կարող ենք հնարավորություն տալ ձեր մասնագետներին այստեղ վերապատրաստում անցնելու, ուսումնասիրելու մեր փորձը: Կարող ենք նաև մասնագետներ տրամադրել՝ Սերբիայում վարպետության դասեր անցկացնելու համար»:

Սերբիայի Ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ծրագրի ղեկավար Դարկո Օբրադովիչը և մյուս հյուրերը ևս կարևորել են հայ-սերբական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացման և երկու երկրների միջև մշակութային, սպորտային և կրթական կամուրջների ստեղծման անհրաժեշտությունը:

Հավելենք, որ Սերբիայի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն այսօր կայցելի նաև Հայաստանի շախմատի ակադեմիա և կհանդիպի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում