Ինձ չմեղադրեք, մա՛մ, զինվորին չեն մեղադրում. 44-օրյա պատերազմում զոհված Վահագն Հովակիմյանի մայրը վերհիշում է որդու խոսքերը
Ինձ չմեղադրեք, մա՛մ, զինվորին չեն մեղադրում. 44-օրյա պատերազմում զոհված Վահագն Հովակիմյանի մայրը վերհիշում է որդու խոսքերը, երբ նա զանգահարել է տուն և ասել, որ տարկետումից հրաժարվում է ու գնում բանակ:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում որդեկորույս մայրը՝ Անահիտ Բաբայանը, պատմել է՝ տղան դաստիարակվել էր հողի հանդեպ մեծ սիրով: Եվ դա է եղել առիթը, որ նրա դպրոց գնալու ժամանակ ընտանիքը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել է հայրեինք: 2019 թվականին էլ՝ ճանապարհել բանակ:
«Բժշկական հետազոտության ժամանակ տղայիս ասել էին՝ դու լուրջ խնդիրներ ունես, տարկետում վերցրու: Վահագնը կրծքավանդակի դեֆորմացիա ուներ, ալերգիկ ֆոն: Երեք անգամ գեներալի սենյակից ներս ու դուրս էր արել, բայց երրորդ անգամ հստակ պատասխան էր տվել՝ ես պատրաստ եմ ծառայության: Հետո զանգեց ինձ ու ասաց, որ պետք է իր պարտքը կատարի, պատրաստվենք բանակի քեֆին»,- պատմում է մայրը:
Մինչ զորակոչվելը՝ Վահագնը ընտանիքի հետ շրջել է Հայաստանի եկեղեցիներով: «Հուլիսի 6-ին հայրը ՌԴ-ից էր եկել, ասաց՝ եկեք գնանք Արցախը տեսնենք: Ամեն վանք մտնելիս արցունքներս հոսում էին: Հուլիսի 1-ին, երբ ընդհանուր զորակոչն էր սկսվել, տանը երգ միացրեց բանակի մասին: Ես դուրս եկա և դրսում լաց եղա: Ամենավատ բաներն էի մտածում, բայց ինքը սովորեցրեց, որ տղան պետք է ծառայի, ու իրեն ճանապարհեցինք բանակ»,- վերհիշում է Անահիտ Բաբայանը:
Հուլիսի 30-ին ընտանիքը 18-ամյա որդուն ճանապարհել է ծառայության: Երկու վիճակահանությունների ժամանակ էլ տղայի կողքն են եղել, սրտատրոփ սպասել՝ որտե՞ղ է անցնելու ծառայության: Մոր խոսքով՝ այդ օրը նաև առաջին անգամ Վահագնի աչքերում արցունք է տեսել:
«Թուղթը քաշեց, իմացանք, որ Արցախ է գնալու, հետո իր հետ գնացինք Արցախ, այնտեղ էլ վիճակահանություն արեցինք ու իմացանք, որ Մատաղիսում է ծառայելու: Ես տեղիցս վեր կացա ու սկսեցի վազել. ներսումս ներքին տագնապ կար: Բայց եկավ, ինձ գրկեց ու սկսեց հանգստացնել: Ասաց՝ մամ ջան, թող անունը քեզ չանհանգստացնի, ես պետք է իմ ծառայությունը կատարեմ»,- որդու խոսքերն է մտաբերում մայրը:
Վահագնի ծառայությունն անցել է խաղաղ և հանգիստ պայմաններում, ասում է մայրը, սակայն ծնողները յուրաքանչյուր ամիս որդուն այցելության են գնացել: Վերջին այցելության ժամանակ զինվորը պահանջել է ծնողներից, որ այլևս չգնան, քանի որ ինքը պետք է գնա նրանց մոտ: Այս խոսքերից մոր սիրտը սկսել է արագ բաբախել: Նայել է Մատաղիսի վերջին արևածագին ու տղային հրաժեշտ տալով տուն վերադարձել:
Որդեկորույս մոր խոսքով՝ Վահագնը ծառայության ընթացքում միշտ ոգևորությամբ է խոսել բանակի մասին, սիրել զինվորական հագուստն ու պատրաստ եղել ամեն պահ օգնել զինակից ընկերներին:
«Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմը սկսվելու օրը, երազ տեսա՝ իր դասարանի երեխաների հետ գնացել էինք Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին: Ես տղայիս ասում եմ՝ Վահագն, դու պետք է զորամաս գնաս, նա պատասխանում է՝ կարող եմ ժամը 6-ին գնալ: Զանգեցի Վահագնին, անհասանելի էր կամ ինձ չէր պատասխանում, բայց բոլորի հետ խոսում էր: Ընկերներն ասում էին՝ Վահագնը լավ է, ուրախ է տրամադրությունը: Երբ ինձ հետ սկսեց խոսել, զգում էի, որ և՛ կրակում է, և՛ վազում, բայց բոլորից հետարքրքվում ու խոսում էր հետս»,- պատմում է տիկին Անահիտը:
Վահագնի հետ ծնողները վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 10-ին, երբ զանգահարել է տուն՝ քրոջ ծնունդը շնորհավորելու: Ասել է՝ չանհանգստանան, երկու օր չի կարող զանգել, և այդպես էլ դա եղել է նրա վերջին զանգը: Ծնողները սկսել են որդու փնտրտուքները: Նրա զոհվելու հետ կապված տարբեր պատմություններ են լսել: Մեկն ասել է՝ զոհվել է խրամատում՝ կռվի ժամանակ, մյուսը՝ գնացել է զոհված ընկերների դիակը մարտի դաշտից դուրս հանելու, սակայն այդպես էլ հետ չի վերադարձել: Պատերազմի ավարտից՝ նոյեմբերի 9-ից հետո Վահագնի հայրը գնացել է Արցախ՝ ռուս խաղաղապահների միջոցով տղայի դին հակառակորդին անցած տարածքներում որոնելու:
Սկզբում մտածել են նաև, որ տղան գերի է ընկել, քանի որ, ըստ նրանց, ոչ ոք Վահագնին չէր տեսել զոհվելիս, սակայն հոգու խորքում հասկացել են՝ գերի ընկնող չէր:
«Փնտրում են բոլոր տարածքներում, այլ զոհված տղաների դիեր են գտնում, բայց իրեն ոչ մի կերպ չեն կարողանում գտնել: Հունվարի 24-ին կրկին գնում են փնտրելու, հրամանատարը ցույց է տալիս Վահագնի կռված տեղը: Ամուսինս հողաթումբ է տեսնում, դի են դուրս հանում, բայց դա էլ Վահագնինը չի լինում: Տղայիս դին փնտրելու ժամանակ մի թուրք է մոտենում ամուսնուս, լացելով ասում է՝ կգտնես քո տղային, հաստատ, կգտնես: Դրանից հետո Վահագնի սաղավարտն ու գլխակն են տեսնում, զենքը, բայց թուրքը չի թողնում, որ այլևս մնան այդտեղ, նորից հետ են իջնում: Այդ ընթացքում Վահագն էլ անընդհատ երազիս էր գալիս, ասում՝ դուք սխալ տեղ եք փնտրում ինձ, մամ ջան»,- հուզված պատմում է մայրը:
Երբ Վահագնի հայրը պատրաստվում է հերթական անգամ դիրք բարձրանալ՝ որդուն փնտրելու համար, հայ հրամանատարներն ասում են՝ թուրքերը իրենց հայ զինծառայողների դիեր են փոխանցել, որոնցից մեկը ճանաչելի է, և հենց դա էլ Վահագնի դին է լինում. «Փաստաթղթերը տղայիս գրպանում են լինում, դին էլ ամբողջությամբ պահպանվել էր, ձեռքին նռնակի օղը կար, վնասված ոտքերի վերքերին անգամ հող չէր լցվել»,- ասում է մայրը:
Վահագն Հովակիմյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
Կարծիքներ