Ռուսաստանը հայտնել է Սևաստոպոլի հրթիռակոծության մասին. կան զոհեր ու հարյուրից ավել վիրավոր
Ուկրաինան կասետային մարտագլխիկներով հագեցած ամերիկյան ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռներով հարձակվել է Սևաստոպոլի քաղաքացիական ենթակառուցվածքի վրա։
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են չորս հրթիռ, ևս մեկ ATACMS շեղվել է թռիչքի ուղուց և պայթեցրել մարտագլխիկը օդում քաղաքի վրա:
«Կասետային ստորաբաժանումների բեկորների անկման հետևանքով վիրավորվել է ավելի քան 100 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ», - հայտնել են պաշտպանության գերատեսչությունից։
Այն, որ Սևաստոպոլը ենթարկվել է հրթիռային հարձակման, հայտնի է դարձել հունիսի 23-ի կեսօրին։ Նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևի նախնական տեղեկություններով՝ ջրային տարածքի վերևում գտնվող երկնքում ոչնչացվել է հինգ օդային թիրախ, որոնց բեկորներն ընկել են ափամերձ գոտում։ Սկզբում նահանգապետը հայտնել էր 14 վիրավորի մասին, ավելի ուշ նրանց թիվը հասել է գրեթե 100-ի։
Ավելի ուշ Ռազվոժաևը հայտնել է, որ ուկրաինական զինված ուժերի (ԱԶՈՒ) հարձակման հետևանքով Սևաստոպոլում երեք խաղաղ բնակիչ է զոհվել, որոնցից երկուսը երեխաներ են։ Նահանգապետը խոստացել է օգնել զոհվածների ընտանիքներին։
Հունիսի 21-ին Politico-ն, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն թույլ է տվել Ուկրաինային օգտագործել ամերիկյան զենք՝ ռուս զինվորականներին հարվածելու համար ոչ միայն Խարկովի մարզում, այլև հատուկ գործողության այլ հատվածներում։
Կարծիքներ