Գրավի պայմանագրով կարող է ամրագրվել տրանսպորտային միջոցը երկրից դուրս հանելու սահմանափակում

Գրավի պայմանագրով կարող է ամրագրվել տրանսպորտային միջոցը երկրից դուրս հանելու սահմանափակում

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց «Իմ քայլի» պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծին, որով, ըստ էության, գրավադրված տրանսպորտային միջոցը երկրից դուրս հանելու համար կպահանջվի նրա համաձայնությունը, ում մոտ գրավադրվել է գույքը:

Նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց համահեղինակ Արթուր Դավթյանը:

Նախագծով սահմանվում է, որ գրավատուն և գրավառուն կարող են շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրել գրավատուի կամ նրա լիազորված անձի կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը, կամ դրա սահմանափակումը:

Դավթյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում լրացումներ են կատարվել նաև «Պետական սահմանի մասին» օրենքում:

Կառավարության առաջարկով տրվել է հետևյալ ձևակերպումը՝ Հայաստանի Հանրապետությունից տրանսպորտային միջոցի ելքը սահմանափակվում է, եթե շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրվել է գրավատուի կամ նրա լիազորված անձի կողմից տրանսպորտային միջոցի ելքի իրավունքի սահմանափակումը ՀՀ-ից: Միաժամանակ տրանսպորտային միջոցի ելքի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրվում է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղակատվական համակարգ՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով:  

ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը, անդրադառնալով պատգամավորների դիտարկումներին, նշեց, որ նախագիծն առհասարակ ուղղված չէ որևէ սուբյեկտի շահերի սպասարկմանը, այլ ուղղված է իրավաչափ շահերի հավասարակշռության ապահովմանը:

Նախագիծն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում