Հնդկաստանը սպառազինության է ընդունել անօդաչուների դեմ պայքարի լազերային համակարգեր

Հնդկաստանը սպառազինության է ընդունել անօդաչուների դեմ պայքարի լազերային համակարգեր

Հնդկաստանի բանակի ցամաքային զորքերի սպառազինությունը համալրվել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ)՝ ռադիոխանգարումների և լազերի միջոցով հայտնաբերման և չեզոքացման շարժական համակարգերի առաջին խմբաքանակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է The Times of India թերթը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրների։

Համակարգերը, որոնք ստացել են IDD&IS անվանումը, կտեղակայվեն Չինաստանի հետ Հնդկաստանի սահմանին: Դրանք ունակ են հայտնաբերելու անօդաչու թռչող սարքեր 5-ից մինչև 8 կմ հեռավորության վրա, ռադիոէլեկտրոնային խանգարումներով խոցման շառավիղը հասնում է 2-ից մինչև 5 կմ-ի, իսկ ոչնչացումը բարձր էներգետիկական լազերով՝ 800 մետրի:

«Այս համակարգերը հակաօդային պաշտպանության համակարգում արդեն առկա Mark-1 ԱԹՍ-ների տարբերակներից են, որոնք ստեղծվել են Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպության (DRDO) և Bharat Electronics ընկերության կողմից», - ասել է The Times of India-ի աղբյուրը ռազմական գերատեսչությունից:

Ըստ հրապարակման՝ սարքերը կատարելագործվել են Հայաստանի և Ադրբեջանի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունների ընթացքում անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի վերլուծության հիման վրա: Ըստ աղբյուրների՝ մշակման փուլում են IDD&IS կատարելագործված տարբերակները՝ կալանման ավելի մեծ հեռահարությամբ։

The Times of India-ն հավելում է, որ Հնդկաստանի զինված ուժերը պայմանագրեր են ստորագրել հայրենական մշակողների հետ՝ ստեղծելու անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի զանազան արդյունավետ համակարգեր, այդ թվում՝ խանգարումների կիրառման,  անօդաչու թռչող սարքերի կառավարման արբանյակային ալիքների խափանման և լազերային զենքի միջոցով դրանց ոչնչացման նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում