Կորցրել եմ 3 տուն, հայրենիք, գործ, ընկերներ, հարազատներ, բայց՝ ոչ հավատս ու ապրելու ցանկությունս. արցախցի երգիչ Լյոկա
Արցախցի կատարող Լյոկան «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել է իր հիմնադրած արտադրամասի փակման լուրով և պատմել, թե ինչ մեծ դժվարությամբ են հասել դրա հիմնմանը:
«Երկար չեմ պատմի, թե ինչերի միջով անցանք՝ արտադրամաս ունենալու երազանքին հասնելու համար:
Երկար տարիներ մտածել ու գծել եմ, 2020-ից հետո այս գաղափարի շուրջ հավաքվեցին ընկերներս, հավաքվեց մի ուժեղ թիմ, ու մենք սկսեցինք գնալ մեր երազանքի հետևից:
Երևանում արդեն գործող արտադրամասը տեղափոխեցինք Արցախի սիրտ՝ Ստեփանակերտ:
Որոշեցի, որ ես որպես Արցախցի, եթե ինչ-որ բանի հասնեմ այս կյանքում, դա պետք է անեմ Արցախում:
Թիմը մի քանի անգամ մեծացրինք, ավելացրեցինք սարքավորումները, նոր մոդելների վրա սկսեցինք աշխատել, նոր համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերեցինք Իրանի ու Ուզբեկստանի գործընկերների հետ, կարծես թե ամեն ինչ լավ էր, բայց սկսեց Բլոկադան:
Ես չեմ պատմի՝ ինչ գնով մենք հասանք այդ երազանքին, կոպեկ-կոպեկ հավաքելով, թե գիշեր-ցերեկ չքնելով, շատ ծանր ու դժվար էր, բայց մենք հասանք:
Մենք կորցրինք մեր հայրենիքը՝ Արցախը:
Ես կորցրի իմ տունն արդեն 3-րդ անգամ, տան հետ կորցրի նաև արտադրամասը:
Ես կորցրել եմ ամեն ինչ՝ 3 տուն, հայրենիք, գործ, ընկերներ, հարազատներ, բայց չեմ կորցրել հույսս, հավատս ու ապրելու ցանկությունս:
Խաղաղություն մեր ազգին,
Մնացածը մենք կստեղծենք»,- գրել է նա:
Կարծիքներ