ԱԱ-2026-ը կանցկացվի նոր ձևաչափով

ԱԱ-2026-ը կանցկացվի նոր ձևաչափով

ՖԻՖԱ-ն փոխել է 2026 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաջնության անցկացման ձևաչափը․ մրցաշարին կմասնակցի 48 հավաքական, որոնք կբաժանվեն 12 խմբի՝ կազմված չորս թիմերից:

Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

«ՖԻՖԱ-ի խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2026 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաջնության ձևաչափի առաջարկվող փոփոխությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Մրցաշարի խմբային փուլը բաղկացած կլինի 72 հանդիպումից. թիմերը կբաժանվեն 12 խմբերի՝ յուրաքանչյուրը չորս թիմով, քառյակներից դուրս կգան երկուական թիմ, որոնք կզբաղեցնեն առաջին և երկրորդ տեղերը։ 1/16-ում այդ թիմերին կմիանան ութ լավագույն թիմերը, որոնք կզբաղեցնեն երրորդ տեղն իրենց խմբում։

Ընդհանուր առմամբ մրցաշարը բաղկացած կլինի 104 հանդիպումից (փլեյ-օֆֆի հանդիպումները ներառյալ)։ Նախկինում Աշխարհի առաջնությանը մասնակցել է 32 թիմ, մրցաշարը բաղկացած է եղել 64 հանդիպումից։

Մրցաշարը կտևի 56 օր։ Եզրափակիչ հանդիպումը նշանակված է 2026 թվականի հուլիսի 19-ին։ Աշխարհի 2026 թվականի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի երեք երկրներում՝ Կանադայում, ԱՄՆ-ում և Մեքսիկայում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում