Ինսուլտ, դելիրիա, նյարդերի վնասվածք՝ կորոնավիրուսը կարող է նյարդաբանական հետեւանքներ ունենալ
Նոր կորոնավիրուսը կապված է մի շարք նյարդաբանական խնդիրների հետ, որոնց թվում են ինսուլտը, դելիրիան, նյարդերի վնասվածքը եւ ուղեղի հազվագյուտ ու հավանական վտանգավոր բորբոքումը: Այս մասին ասվում է University College London’s Queen Square Institute of Neurology-ի մասնագետների կողմից անցկացված նոր ուսումնասիրության մեջ:
Այսօր արդեն հայտնի է, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը ախտահարում է ոչ միայն թոքերն ու շնչուղիները, այլեւ մյուս օրգանները: Բրիտանացի փորձագետները պարզել են, որ կորոնավիրուսային վարակը կարող է ծանր հետեւանքներ ունենալ նույնիսկ թեթեւ ախտանիշներով պացիենտների կամ ապաքինվածների մոտ՝ ուղեղի լուրջ վնասների տեսքով: Փորձագետի խոսքերով՝ նման նյարդաբանական խանգարումները հաճախ շատ ուշ են արձանագրվում, իսկ երբեմն ընդհանրապես չեն ախտորոշվում:
COVID-19 վարակով ավելի քան 40 բուժվող պացիենտների մոտ մասնագետները հայտնաբերել են սուր դեմիլինիզացնող էնցեֆալոմիելիտ՝ բորբոքային հիվանդություն, որը հանգեցնում է կենտրոնական նյարդային համակարգի դեգեներատիվ քայքայման, ախտահարում է գլխուղեղի եւ ողնուղեղի նյարդային միելինային թաղանթները: Զննված պացիենտներից 12-ը տառապել են կենտրոնական նյարդային համակարգի բորբոքումից, 10-ը` ժամանակավոր էնցեֆալոպատիայից՝ դելիրիայով կամ փսիխոզով: 8-ի մոտ ախտորոշվել է ինսուլտ, եւս 8-ը խնդիրներ են ունեցել պերիֆերիկ նյարդերի հետ, հաճախ՝ Գիյեն-Բարեի համախտանիշի ախտորոշմամբ:
Ինչպես նշել է հետազոտության ավագ հեղինակ Մայքլ Զանդին, կորոնավիրուսով որոշ պացիենտների մոտ նկատվող սուր դեմիլինիզացնող էնցեֆալոմիելիտը կարող է հանգեցնել երկարատեւ հաշմանդամության: Նյարդաբանները մտավախություն ունեն, որ գլխուղեղի հիվանդությունների ամբողջ միջակայքը եւ կորոնավիրուսային վարակի հետ կապված բոլոր երկարատեւ բարդությունները դեռեւս հայտնի չեն, քանի որ հիվանդանոցներում գտնվող շատ պացիենտներ այնքան վատ են զգում, որ նրանց հնարավոր չէ զննել:
Կարծիքներ