Քաղաքաշինության ոլորտի առաջնահերթություններն արտացոլող ռազմավարության մշակման համար Քաղաքաշինության կոմիտեն կազմակերպել է մասնագիտական քննարկում

Քաղաքաշինության ոլորտի առաջնահերթություններն արտացոլող ռազմավարության մշակման համար Քաղաքաշինության կոմիտեն կազմակերպել է մասնագիտական քննարկում

Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է ոլորտային մասնագետների հետ հանդիպում՝ քննարկելու ռազմավարությունների մշակման ՀՀ Կառավարության նախաձեռնությունը և համատեղ վերհանելու քաղաքաշինության ոլորտի առաջնահերթությունները։

Հանդիպումը կայացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։Ներկա են եղել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից և ՀՀ կենտրոնական բանկից ներկայացուցիչներ։

Տարածքային և ենթակառուցվածքների զարգացման ռազմավարության մշակման շրջանակում առանջնահերթ դիտարկվել են քաղաքաշինությանն ու տարածական պլանավորմանը, հողերի կառավարմանը, ենթակառուցվածքներին, ջրային համակարգերին առնչվող հարցերը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կարևորել է մասնագետների ջանքերի մեկտեղումը՝ արդյունավետ, իրագործելի ռազմավարություն մշակելու նպատակով. «Այժմ այն պահն է, երբ միասին կարող ենք մշակել գործուն ռազմավարություն, որպեսզի առաջիկա տարիներին ունենանք տարածքի, ենթակառուցվածքների օգտագործման, քաղաքաշինության ուղղությամբ առաջատար երկրներին համահունչ զարգացում ու որակական արդյունքներ՝ բյուջեի միջոցներն ուղղելով հստակ թիրախների»։

Կոմիտեի հրավերով հանդիպմանը մասնակցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Գևորգ Սահակյանը ներկայացրել է ռազմավարական 6 ուղղությունները, որոնք նախատեսում է Կառավարությունը մշակել՝ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի հետ ներդաշնակեցմամբ։ ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Գևորգ Մինասյանը ներկայացրել է տնտեսական փոխակերպման ռազմավարության տեսլականը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը և ՃՇՀԱՀ ռեկտորի խորհրդական Սարգիս Թոմասյանը ներկայացրել են Հայաստանի տարաբնակեցման գլխավոր նախագծով սահմանված առաջնահերթությունները, խնդիրները, դիտարկել ՀՀ տարածքի բազմակենտրոն կառուցվածքի ձևավորման, կլաստերների զարգացման հնարավորությունները։ Նշվել է, որ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ նախատեսվում է մշակել ՀՀ տարաբնակեցման գլխավոր նոր նախագիծ, որը պետք է համահունչ լինի մշակվող ռազմավարության տրամաբանությանը։

Քննարկմանը մասնակցող Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները, Հայաստանի ճարտարապետների պալատի և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի  ներկայացուցիչները, ՃՇՀԱՀ մասնագետները և ուսանողները մտքեր են փոխանակել՝ ռազմավարության անկյունաքարային ուղղությունները նախանշելու նպատակով։

Հանդիպումները շարունակական են լինելու՝ համատեղ քննարկելու բոլոր առաջարկները։ Կոմիտեի նախագահը կոչ է արել նաև ուսանողներին ակտիվ ներգրավվել գործընթացում՝ կարևորելով նրանց կարծիքն ու թարմ մտածողությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում